Մահացել է Բուրունդիի նախկին նախագահ Պիեռ Բույոյան, ով վարակվել էր կորոնավիրուսով: Նա մահացել է Փարիզ տարհանման ժամանակ, հաղորդում է Iwacu մեդիահոլդինգը:
«Նա հեռացավ մեզնից անցած գիշեր»,-պատմել է նախկին նախագահի ընտանիքի անդամներից մեկը: Մինչ տարհանումը նախկին նախագահը գտնվել է Մալիի Հանրապետությունում Բամակոյի հիվանդանոցում:
Բույոյան 71 տարեկան էր:
Նա եղել է Բուրունդիի նախագահ 1987-1993 եւ 1996-2003 թվականներին:
1987 թվականի սեպտեմբերին մայոր Պիեռ Բույոյան կառավարության հակակաթոլիկ արշավի պատճառով երկրում հուզումների ֆոնին ռազմական հեղաշրջում է կազմակերպել՝ իրեն երկրի նախագահ հռչակելով, գրում է Le Monde-ն:
1987-ի հոկտեմբերից 1988-ի հոկտեմբերը նա եղել է պաշտպանության նախարար:
1988-ին երկրում կրկին զանգվածային միջէթնիկ բախումներ են սկսվել, որոնցից հետո Բույոյան սկսել է ազգային հաշտեցման քաղաքականությունը:
Նա հրաժարական է տվել 1993-ին երկրի առաջին ժողովրդավարական ընտրություններում, որոնցում հաղթել է հուտու Նդադայեն: Վերջինս սպանվել է ընդամենը չորս ամիս անց հեղաշրջման փորձի հետեւանքով:
Սպանությունը հանգեցրել է բազմամյա քաղաքացիական պատերազմի երկու էթնիկ խմբերի միջեւ, որի ընթացքում մինչեւ 2006-ին դրա ավարտը սպանվել էր շուրջ 300 000 մարդ:
1996-2003 թվականներին պետական հեղաշրջումից հետո Բույոյան կրկին դարձել է նախագահ:
2018-ի նոյեմբերին Բուրունդին Բույոյային ձերբակալման միջազգային օրդեր է տվել, որը նա անվանել է «եւս մեկ շեղող քայլ՝ ուղղված նրան, որ թաղվեն այն ցավոտ, չլուծված խնդիրները», որոնք առաջացել են 2015-ի վիճահարույց ընտրություններից հետո:





























