ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ակտիվությամբ չէր կարողանա աշխատել բունկերից, դրանից զատ՝ պետության ղեկավարի մերձմոսկովյան նստավայրում ոչ մի բունկեր չկա: Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում:
«Այնտեղ ոչ մի բունկեր չկա,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան այն հարցին, թե Պուտինի մերձմոսկովյան նստավայում արդյոք կա՞ այդպիսի կառույց: - Պետության ոչ մի ղեկավար, առավել եւս պետության այնպիսի ակտիվ ղեկավար, ինչպիսին Պուտինն է, չի կարող նստել ոչ մի բունկերում»:
Լուրերն այն մասին, թե իբր նախագահն աշխատում է այդպիսի մեկուսացված պայմաններում, Պեսկովն անվանել է հեքիաթ եւ «լիակատար անհեթեթություն»:
Ի պատասխան հարցին՝ որոշ ժամանակ առաջ Պուտինին ի՞նչը թույլ տվեց սկսել ավելի ակտիվ ուղեւորություններ երկրում, Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է. «Ժամանակն առաջ է գնում, մշակվում է հակահամաճարակային որոշակի փորձ, որը թույլ է տալիս ընդլայնել շփումների շրջանակակը»: Նա նաեւ հիշեցրել է Պուտինի խոսքն այն մասին, որ ինչ-որ մեկը կարող է իր հետ հանդիպումից առաջ սպասել կարանտինում, սակայն օպերատիվ հարցերի լուծման անհրաժեշտության դեպքում հանդիպումը կարող է կայանալ 5-6 մետր հեռավորություն պահպանելով:





























