Ավստրիայում կսահմանվի երրորդ կոշտ կարանտինը 2020 թվականի դեկտեմբերի 26-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 24-ը տոնական օրերին կորոնավիրուսի տարածումը զսպելու համար, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կուրցը նշել է, որ հիվանդության ցուցանիշները նվազել են նոյմբերից դեկտեմբերի ընթացքում երկրորդ կոշտ կարանտինի արդյունքում, սակայն ընդհանուր առմամբ թվերը շարունակում են մնալ բարձր: «Դեկտեմբերի 26-ից միջոցառումները դարձյալ կխստացվեն ցուցանիշները լրացուցիչ նվազեցնելու համար»,-ասել է Կուրցը:
Նոր միջոցառումների արդյունքում փակ կլինեն խանութներն ու սպասարկման ոլորտի ձեռնարկությունները: Կսահմանափակբի ամբողջ օրվա ընթացքում մարդկանց տնից դուրս գալը, բացառությամբ աշխատանքի այցելելը, սննդամթերք գնելու նպատակով խանութ գնալը, ուրիշ մարդկանց օգնության հասնելը, զբոսանքը:
Առաջին կոշտ կարանտինը գործել է Ավստրիայում այս տարվա մարտից ապրիլ ամիսներին: Նոյեմբերի 3-ից սահմանվել է մեղմ կարանտին, որը խստացրել են նոյեմբերի 17-ից: Դեկտեմբերի 7-ից իշխանությունները մասնակի չեղարկել են երկրորդ կոշտ կարանտինը: Երկրում բացվել են դպրոցները կրտսեր դասարանցիների համար, խանութները, թանգարանները, գեղեցկության եւ մերսման սրահները: Փողոց դուրս գալու սահմանափակումը գործում է 20:00-ից 06:00-ն: Փակ են բարերն ու ռեստորանները:
Համաձայն կառավարության հայտարարության՝ դեկտեմբերի 24-ին եւ 25-ին Սուրբ Ծնունդը կթույլատրվի տոնել առավելագույնը 10-հոգանոց խմբով, իսկ դեկտեմբերի 13-ին Ամանորը՝ միայն երկու ընտանիքների մասնակցությամբ: Երկրի շրջաններում թույլ են տվել սահմանել դիմակ կրելու ռեժիմ փողոցներում, որտեղ մարդկանց կուտակումներ կան: Դեկտեմբերի 17-ին Ավստրիայում գրանցվել են մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով մահվան դեպքեր կորոնավիրուսով վարակվածների շրջանում՝ 218 մարդ: Նախքան այդ, մահացության օրական ցուցանիշը տատանվում էր 100 մարդու սահմանում: Ընդհանուր առմամբ Ավստրիայում կովիդով վարակված պացիենտների շրջանում մահացել է 5 127 մարդ:





























