«Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է կազմակերպել, որպեսզի հաջորդ շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարվի, որի օրակարգում կլինի «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը։

Իշխող խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Նարեկ Զեյնալյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովիկ Աղազարյանն առաջարկում են մեկ տարով հետաձգել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

«Երբ օրենքն ընդունում էինք, մտածում էինք, որ տարբեր պատճառներով, մասնավորպաես, ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր դիրքի բարելավման, ամրապնդման իմաստով, եթե հետագայում հարցեր առաջանան, մենք կանդրադառնանք օրենքի այս կամ այն դրույթին։ Բացի այդ, կորոնավիրուսով եւ պատերազմով պայմանավորված՝ տնտեսական դժվար իրավիճակը, որն այս պահին ունենք եւ շատ տնտեսվարող սուբյեկտներ այդ օրենքի դրույթներն ուժի մեջ մտնելու պահից, կունենային որոշակի դժվարություններ։ Այս պատճառներով որոշեցինք այդ դրույթների կիրարկումը հետաձգել մինչեւ 2022թ․-ի հունվարի 1-ը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը։

Առողջապահության նախարարությանը դուր չի եկել իշխող ուժի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, եւ այդ մասին հայտարարություն են տարածել, որում ասում են, որ  բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլեւ հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների դեպքերը։

«Իրենց մոտեցումները ճիշտ են երկարաժամկետ կտրվածքով, կարճաժամկետ կտրվածքով մեր մոտեցումներն են ճիշտ։ Այդուհանդերձ, քննարկումների ընթացքում հիմնավորումներ կբերվեն եւ պատգամավորները կկողմնորոշվեն եւ խորհրդարանը որպես միասնական  մարմին իր դիրքորոշումը կարտահայտի։ Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ճիշտ չի համարում, երբ օրենք է ընդունվում եւ հետագայում հնարավորություն չի տրվում փոփոխություններ անել։

«Մենք ստորագրահավաք ենք կազմակերպել արտահերթ նիստ գումարելու առաջարկով։ Այդ իմաստով տրամադրված ենք, որ քննարկումները մտնեն շատ սուր կոնստրուկտիվ փուլ եւ դրանից հետո մեր մյուս գործընկերների դիրքորոշումներին համապատասխան որոշում կկայացնենք։ Մենք այնպիսի դիրքորոշում չունենք, որ հնարավոր չի նահանջել, կամ ինչ-ինչ տեղեր  փոխզիջումների գնալ, եթե դրանք կլինեն ի նպաստ այն խնդիրների լուծման, որը Առողջապահության նախարարությունն է հետապնդում եւ նաեւ մենք այս կարճաժամկետ հատվածում, ապա  կգնանք այդ փոխզիջումներին»,-  նկատեց Աղազարյանը։

Դիտարկմանը, թե  հակածխախոտային օրենքը ժամանակին չէր արժանացել «Իմ քայլի» որոշ անդամների  հավանությանը եւ տարաձայնություններ կային նախարարի հետ այդ հարցի շուրջ, հիմա էլ, կարծես թե առճակատում է նկատվում, Հովիկ Աղազարյանն ասաց․

«Ես որեւէ միտում չունեմ, հակառակը՝ շատ բարձր եմ գնահատում Առողջապահության նախարարի եւ նախարարության աշխատանքները՝ առավել եւս կորոնավիրուսի դեմ պայքարում։ Եթե հիշում եք, երբ նոր էր այս ամենը զարգանում, մեր ընդդիմադիր խմբակցությունների գործընկերները եւ ոչ միայն, մեզ ու Առողջապահության նախարարությանը մեղադրում էին, որ ամեն ինչը վատ է արվում, թե տեսեք, Վրաստանում այս իրավիճակն է։ Իհարկե, հիմա համեմատություն անելը ցավալի է, որովհետեւ մեր հարեւան երկիրն է, եւ այնտեղ դեպքերն արագ զարգացան եւ նույնիսկ մեր դեպքերից անցան, եւ պարզվեց, որ Առողջապահության նախարարությունը իր վարած քաղաքականությամբ բավականին գործուն ազդեցություն ունեցավ էդ համավարակի ավելի սարսափելի հետեւանքները մեղմելու իմաստով։ Հետեւաբար, ինքս ոչ մի դժգոհություն չունեմ  նախարարից եւ նախարարության աշխատանքներից, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող տարբեր կարծիքներ ունենալ այս կամ այն հարցի շուրջ։ Քննարկումները կբերեն վերջնական եզրակացության»։

Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքն այս Կառավարության ամենաքննարկված  նախաձեռնություններից մեկն էր։ Դրա շուրջ իշխանության ներսում կարծիքներն իրար հակասող էին, ինչի մասին բազմիցս արտահայտվել էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու «Իմ քայլի» որոշ անդամներ։ Շուրջ մեկուկես տարվա քննարկումներից եւ որոշ փոփոխություններ անելուց հետո, այնուամենայնիվ խորհրդարանը 2020թ. փետրվարի 13-ին ընդունեց օրենքի որոշ դրույթներ, որոնք ուժի մեջ էին մտնելու սկսած 2021թ․-ի հունվարի մեկից։