Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր ներկայացրել է Երեւանի նոր ավտոբուսները։
«Այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել Երեւանի նոր տրանսպորտային ցանցի նորություններով։ Ինչպես գիտեք, տարվա սկզբին հայտարարել էինք մրցույթ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների։ Ցավոք, այդ մրցույթը չկայացավ։ Հավանաբար այս պանդեմիայի պատճառով էր, ընկերությունները պատրաստ չէին մասնակցելու։ Մասնակցեց 2 ընկերություն, 2-ն էլ չէին համապատասխանում այն պահանջներին, որոնք մենք դրել էինք։ Որ պրոցեսը կանգ չառնի, ես որոշում ընդունեցի, որ մենք պետք է ձեռք բերենք ավտոբուսներ՝ համայնքային բյուջեով։ Միանգամից հայտարարվեց 100 կոմպակտ դասի ավտոբուսների մրցույթ։ Փառք Աստծո, մրցույթը կայացավ, հաղթող կա, այս պահին էլ մատակարարումը սկսել է։ Դեկտեմբերին կմատակարարվի 30 կոմպակտ դասի ավտոբուս, հունվարին կլինի եւս 30-ը եւ փետրվարին՝ 40 ավտոբուս»,- ասաց Հայկ Մարությանը։
Քաղաքապետը նշեց, որ պլանավորում են՝ այս ավտոբուսները փուլային տարբերակով կմտնեն ցանց եւ կսպասարկեն քաղաքացիներին. «Առաջին 30 ավտոբուսները կհայնտվեն Երեւանի փողոցներում մոտավորապես հունվարի կեսերին կամ մի փոքր անց»։
Քաղաքապետը հոլովակում ներկայացրեց կոմպակտ դասի ավտոբուսը. «Ամենակարեւորը, որ այս ավտոբուսը ցածրահատակ է, մուտքը երկու դռնանի եւ երկու փեղկով է, այս ցածր հատակը հնարավորություն կտա քաղաքացիներին՝ հեշտ մուտք ու ելք անել։ Այն գտնվում է բարձիկների վրա, հնարավորություն է տալիս առանց այն էլ ցածր հատակն ավելի ցածրացնել»։
Հայկ Մարությանը ներկայացնելով ավտոբուսը, ցույց տվեց՝ ինչպես կարող են ծնողները մանկասայլակով մուտք գործել ավտոբուս. «Այստեղ կա հատուկ տեղ, որտեղ ծնողը մանկասյլակով կկանգնի եւ կշարունակի իր երթեւեկությունը»։
Քաղաքապետը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նույնպես անարգել մուտք գործելու հնարավորություն կա։
Հայկ Մարությանը նստեց ավտոբուսի ղեկին եւ հայտնեց, որ վարելու ժամանակ այն վարորդի համար շատ հարմար է։
Նա հայտնեց նաեւ, որ բոլոր վարորդներն ունենալու են հատուկ համազգեստ։ Ավոտբուսները գործելու են առավոտյան ժամը 07։00-ից մինչեւ երեկոյան՝ 23։00-ն։
Քաղաքապետն ասաց, որ երեկ նոր մրցույթ են հայտարարել՝ համայնքային բյուջեով. «161 հատ մեծ դասի՝ 8,5 մետրանոց ավտոբուսներ»։





























