Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ շատ լավ ինքնազգացողություն ունի կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո, եւ կոչ է արել երկրի քաղաքացիներին հետեւել իր օրինակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Երեկ ես պատվաստվել եմ կորոնավիրուսի դեմ եւ շատ լավ եմ զգում: Ես կոչ եմ անում Իսրայելի քաղաքացիներին եւս պատվաստվել: Եթե մենք բոլորս կամ առնվազն մեր մեծամասնությունը պատվաստվի, մենք կհաղթենք հիվանդությունը»,-ասել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ Իսրայելում իշխանությունն ու փորձագետները ներգրավված են Մեծ Բրիտանիայում հայտնաբերված նոր տիպի կորոնավիրուսի ներթափանցումը երկրում կանխելու գործում:

«Ներկայում մենք տեղեկություններ չունենք այն մասին, թե առկա պատվաստանյութն արդյոք անարդյունավետ է նոր մուտացիայի դեմ: Որքանով մեզ հայտնի է՝ իրավիճակը բարելավվում է: Իհարկե, մենք ուսումնասիրում ենք այն եւ ուշադրությամբ հետեւում իրադարձությունների զարգացմանը»,-հավելել է վարչապետը:

Նեթանյահուի խոսքով՝ հատուկ կառավարական հանձնաժողովը կդիտարկի դեպի Իսրայել օտարերկրացիների մուտքը կանխարգելելու հնարավորությունը Միացյալ Թագավորությունից եւ մի շարք այլ երկրներից, որտեղ հաղորդվել է կորոնավիրուսի նոր շտամի ի հայտ գալու մասին, քանի դեռ իրավիճակը չի պարզաբանվել: