Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներով ավտոբուսների հերթական շարասյունը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Այսօր 316 մարդ է ավտոբուսներով Երեւանից տեղափոխվել Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահ կոնտինգենտի պարեկային ծառայությունն ու ռազմական ոստիկանությունն ուղեկցել է փախստականներին տեղափոխող ավտոբուսները:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց տներ, տրամադրում հումանիտար օգնություն, վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն քսաներեք դիտակետերում:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է տեղափոխվել ավելի քան 42 հազար փախստական: