Ռուսաստանի պատվիրակությունը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ կքննարկի կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն այդ երկրում, ինչպես նաեւ «Սպուտնիկ V»-ի եւ AstraZeneca պատվաստանյութի համադրման կլինիկական փորձարկումները, հայտնում է R-Pharma-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Ռեպիկը:

«Ծրագիրը կզարգանա ոչ միայն Ռուսաստանում, այն կմեկնարկի մի շարք երկրներում. այժմ մենք մեկնում ենք Ադրբեջանի Հանրապետություն` կլինիկական հետազոտական ​​նախագիծը քննարկելու համար, կարող են ներգրավվել նաեւ Մերձավոր Արեւելքի մյուս երկրները, ԱՊՀ այլ երկրներ»,- ասել է Ռեպիկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Մեկնաբանելով Ադրբեջան այցի նպատակը` նա նշել է. «Աառաջին հերթին, դա, իհարկե, նոր համադրության (AstraZeneca պատվաստանյութի հետ) կլինիկական հետազոտություններն են, ինչպես նաեւ` Ադրբեջանի Հանրապետության պրոֆիլային կարողությունների, դեղագործական հզորությունների օգտագործման հնարավորությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության համար: Այս մասին մենք այժմ, իհարկե, եւս կխոսենք»: