Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ ձեռք բերված համաձայնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունած ամենակարեւոր որոշումներից մեկն է եւ թույլ է տվել խուսափել ողբերգությունից: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ամփոփելով աշնանային նստաշրջանի արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի ընդունած կարեւորագույն որոշումների թվում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ համաձայնության ձեռքբերումը ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Սա թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը եւ պահպանել մարդկային կյանքերը, հաջողվեց կանխել ողբերգությունը»,- նշել է Վոլոդինը:
Նրա խոսքով՝ եթե այդ համաձայնագրերը չստորագրվեին, ապա Ռուսաստանը «ահռելի խնդիր կստանար անմիջական հարեւանությամբ»:
«Բայց ամենագլխավորը՝ մարդիկ կարող էին զոհվել, ողբերգությունն անչափ լուրջ ծավալում կունենար: Հենց այն բանի շնորհիվ, որ նախագահը կարողացավ հակամարտող կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ եւ հանգել այդ որոշումներին, մենք այսօր խոսում ենք իրավիճակի կարգավորման, խաղաղ գործընթացների մասին: Սա մեր երկրի համար շատ կարեւոր է, նաեւ քաղաքացիների կյանքի համար, որոնց վտանգ էր սպառնում»,- շեշտել է Վոլոդինը:




























