ՀՀ արդարադատության նախարարության կողմից նոր շրջանառության մեջ դրված արտակարգ դատարանների ստեղծման օրենքի նախագծի նպատակը դատական համակարգը վերացնել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Տեւական ժամանակ իշխանությունը փորձում է քաղաքական ռեպրեսիաներ սանձազերծել, եւ միակ օղակը, որն այդ ամենը թույլ չի տալիս, դատական օղակն է։ Ինչպես ցանկացած դեպքում, այդ դեպքում էլ, Նիկոլ Փաշինյանը, չունենալով քաղաքական փորձ, հմտություններ եւ գիտելիքներ, ընտրել է հարցի լուծման «կացնային» տարբերակը՝ ստեղծել անձնական օգտագործման դատարան, որն իր ցանկացած կամարտահայտության խնդիր կկատարի։ Սա է, որ այսօրվա իշխանություններն այսօրվա խնդիրները լուծելու փոխարեն, անհետ կորած զինծառայողների հարցով զբաղվելու փոխարեն, պետությունը վերականգնել փորձելու փոխարեն, հրաժարական տալու փոխարեն, փորձում են երկարացնել իրենց անփառունակ իշխանություն՝ այս ճանապարհին մաքրելով ամեն ինչ։ Այս անձինք պատրաստ են ամեն ինչի։ Մինչեւ Հայաստանի պետականությունը վերջականապես չվերացնեն, չեն հանգստանա»,- նշեց փաստաբան Վարոսյանը։

Հարցին՝ այդ նախագծի՝ կյանքի կոչվելու հավանականությունը, ըստ իրեն, որքա՞ն է, Վարոսյանը շեշտեց, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ նախագիծը կյանքի չկոչվի. «Բայց քանի որ մենք այսօր, փաստացի, չունենք իշխանություն, Ազգային ժողով չունենք, փոխարենն ունենք 88 անհայտ կերպարներ, չգիտես՝ որտեղից հայտնված, չգիտես՝ ինչով զբաղվող, ասել, որ դա հնարավոր կլինի հաստատապես կանխել, չեմ կարող։ Բայց որ յուրաքանչյուրս պետք է ամեն բան անենք, որ նման բան չլինի, դա հաստատ է»։

Երվանդ Վարոսյանն ընդգծեց, որ ԱՆ-ի այդ նախագիծը նախ պետք է ուղարկվի շահագրգիռ մարմիններին. «Ես կարծում եմ, որ այս նախագիծը Վենետիկի հանձնաժողովին էլ պետք է ուղարկվի։ Ես պատկերացնում եմ Վենետիկի հանձաժողովի իրավանաբանների աչքերի արտահայտությունը, երբ իրենք կծանոթանան, թե ինչ է ցանկանում անել Նիկոլ Փաշինյանը»։

Հարցին, ըստ իրեն, արդյոք կլինե՞ն այնպիսի դատավորներ, որոնք կհամաձայնվեն գործն անել, փաստաբանը նշեց. «Երբ կա նման առաջարկ, բնականաբար, իշխանությունը կգտնի համապատասխան ֆիզիկական անձանց, որոնք պատրաստ կլինեն այդ պատվերները կատարել»։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ այս գործընթացն սկսելու համար հիմք է հանդիսացել դատարանների կողմից խափանման միջոցը կալանքը չընտրելու վերաբերյալ միջնորդությունների մերժումները, իշխանության պատվերներ չկատարելը. «Հիմք է հանդիսացել միայն դա։ Մեր դատավորներն, անկախ նրանից՝ լա՞վն են, թե՞ վատը, բայց նրանք բոլորը բարձրագույն իրավական կրթություն անցած մարդիկ են։ Հիմա քաղաքական հարց չէ դրված։ Բոլորի համար ակնհայտ է, որ պետության գոյության հարցն է։ Դրա համար այս իրավաբանորեն ցածր մակարդակի հիմնավորումներ ունեցող միջնորդությունները պատրաստ չէին ճաշակել բոլոր դատավորները»։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվող նախագծի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ դատական օրենսգրքում:

Նախագծով ներդրվելու է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։

Նախատեսվում է նաեւ ունենալ սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը, ինչը մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման եւ քրեական գործերի քննության արագությանը։

Կունենանք նոր դատավորներ, որոնք կքննեն խափանման միջոց, խուզարկություն կիրառելու գործերը. Բադասյանը՝ նոր նախագծի մասին