Հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում համայնքի ղեկավարների մասնակցությամբ փակ հանդիպում է գումարել եւ առաջարկել է անցնել ինքնապաշտպանության ռեժիմի: Այդ ժամանակ էլ Սյունիքի մարզի ինքնապաշտպանության գործընթացի համակարգող նշանկվեց գեներալ Արտակ Դավթյանը: Այս մասին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը` ներկայացնելով տարածաշրջանում առկա իրավիճակը:

Կապանի քաղաքապետի խոսքով` իրենք արագ ինքնակազմակերպվել եւ սկսել են պաշտպանել իրենց բնակավայրերը:

«Ես ասում եմ` ինքնակազմակերպվեցինք, քանի որ, ցավոք, այն ժամանակ մենք ամբողջովին մենակ էինք, ոչ մի աջակցություն չունեինք ոչ Կառավարությունից, ոչ էլ այլ ոլորտներից: Այդ ժամանակ մենք ցուցում ստացանք գեներալ Դավթյանից` շահեկան դիրքեր զբաղեցնել մեզ համար ինչպես ՀՀ սահմաններին, այնպես էլ դրանից դուրս, քանի որ դա շատ կարեւոր էր մեր բնակավայրերի անվտանգության ապահովման տեսանկյունից: Բնականաբար, մենք ընտրեցինք այն գոտին, որն ավելի հեռու էր մեր բնակավայրերից: Դա անհրաժեշտ էր մեր անվտանգության գոտու հետագա ապահովման համար: Կապանում, Դավիթ Բեկում եւ այլ վայրերում մենք կատաղի մարտերի մեջ մտանք, կորուստներ կրեցինք, բայց ոչ մի մետր չնահանջեցինք` պահպանելով մեր սահմանները»,- նշեց համայնքի ղեկավարը:

Փարսյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առաջին կետում արձանագրվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կանգ են առնում մարտական ​​գործողությունների ընթացքում իրենց գրաված դիրքերում: Դրանից ելնելով` սյունեցիները մնացել են նույն դիրքերում` ապահովելով իրենց բնակավայրերի անվտանգությունը:

Այնուհետեւ, ըստ Կապանի քաղաքապետի, դեկտեմբերի 17-ի առավոտյան բոլորովին անսպասելիորեն ՀՀ ՊՆ-ն հրաման արձակեց, ըստ որի Սյունիքի պաշտպանները պետք է լքեն իրենց գրաված տարածքները եւ դիրքերը, անցնեն Հայաստանի սահմանը, ինչը, ըստ էության, լուրջ խնդիրներ է առաջացրել կապանցիների համար, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: