Մեր քաղաքացիները լարված են, քանի որ անորոշություն է տիրում։ Մարդիկ չգիտեն՝ հետագայում իրենց ինչ է սպասվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։
Նրա խոսքով՝ Սյունիքում երեք ճանապարհային ուղղություն կա, որոնք խնդրահարույց են։ Խոսքը Կապան- Գորիս, Կապան- Ճակատեն եւ Կապան-Ագարակ ուղղությունների մասին է։ Ըստ քաղաքապետի՝ առաջին երկուսի պարագայում ճանապարհները գործում են, իսկ Կապան- Ագարակ ճանապարհն ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։
«Մենք ստիպված ենք օգտագործել այլընտրանքային ճանապարհը, որը անմխիթար վիճակում է գտնվում, նորոգման կարիք ունի»,- նշեց Փարսյանը։
Հարցին, թե իշխանությունների ներգրավվածությունն ինչպե՞ս է գնահատում մարզում տեղի ունեցող սահմանազատման գործընթացներին եւ առհասարակ նրանք գալի՞ս են մարզ, գոնե բնակիչների հետ հանդիպեն, քաղաքապետն ասաց, որ մարզ այցելում են միայն ՊՆ եւ ԱԱԾ ներկայացուցիչները։
«Դեկտեմբեր ամսից պատգամավորներից կապն ինձ հետ կապում է միայն Արմեն Խաչատրյանը։ Փորձում է ինչ-որ բանով օգտակար լինել, բայց մեծ հաշվով մեր խնդիրների լուծման համար նա չի կարող որեւիցե բան անել, ի վիճակի չէ»,- ասաց Կապանի քաղաքապետը։
Ըստ Գեւորգ Փարսյանի՝ լուրջ բանակցություններ պետք է տեղի ունենան, որ դրական արդյունքներ լինելն, բայց ո՛չ լուրջ խումբ կա, որ բանակցություններով զբաղվի, ո՛չ էլ բանակցություններ։ Կապանի քաղաքապետը վերահաստատեց իր մոտեցումը, որ Կառավարությունը պիտի հրաժարական տա։
«Շատ խնդիրների լուծումն էդպես ենք տեսնում։ Այս իշխանություններն իրենց սպառել են, նրանք այլեւս հեղինակություն չունեն թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ որպես բանակցություններին կողմ։ Մեզ նոր իշխանություն է պետք՝ նոր վարչապետով, որ որոշակի առումով հեղինակություն ունենա, բանակցային կողմ լինի եւ մեզ համար դրական արդյունքներ գրանցի»,- հավելեց քաղաքապետը։




























