Ուրբաթ օրը Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հերքել է այս շաբաթ տեղի ունեցած հարձակումից հետո իր շենքի տարհանման մասին լուրերը, հաղորդում է Fox News-ը:

Հեռուստաալիքին ուղարկված էլեկտրոնային նամակում դեսպանատան մամուլի ծառայությունը նշում է, որ լրագրող Հավար Ալիի թվիթը Բաղդադում ԱՄՆ դեսպանատան տարհանման մասին իրականությանը չի համապատասխանում:

«Դեսպան Թյուլերը դեռ Բաղդադում է, եւ դեսպանատունը շարունակում է աշխատել»,- ասվում է հերքման մեջ:

Ուրբաթ օրը քրդական ծագմամբ ավստրալացի լրագրող Հավար Ալին իր թվիթերում գրել էր, որ «Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մեծ թվով աշխատակիցներ տարհանվել են»` ավելի ուշ նշելով, որ դեսպանն ու որոշ աշխատակիցներ դեռ աշխատում են, բայց «որոշ մարդիկ տարհանվել են»:

Այս շաբաթ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծության մասին, որտեղ տեղակայված է նաեւ ԱՄՆ դեսպանատունը, եւ միջադեպի համար մեղադրել էր «Իրանի կողմից աջակցվող խմբավորմանը»: