Ռուսաստանի արտգործնախարարությունը կատակել է ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի` Սանտա Կլաուսին ուղղված նամակին ի պատասխան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Անցյալ երեքշաբթի ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունը ֆեյսբուքում Ամանորի նախապատրաստական ​​աշխատանքների լուսանկարներ էր տեղադրել: Դրանցից մեկի վրա տոնածառ էր պատկերված` դիմակներով եւ ձեռքի ախտահանիչ միջոցներով զարդարված: Դեսպանատան աշխատակիցների խոսքով` հումորի զգացումն «այս դժվարին տարում պետք է առավել քան երբեւէ»: Բացի այդ, Ամանորի մրցույթի շրջանակներում դիվանագետների ​​ընտանիքներից մեկը քաղցրավենիք էր թխել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հին շենքի տեսքով:

Դիվանագիտական ​​առաքելության էջում տեղադրված էր նաեւ Սալիվանի նամակը Սանտա Կլաուսին: Դեսպանը վստահեցնում է Սանտային, որ իրեն լավ է պահել ամբողջ տարվա ընթացքում, մասնավորապես` «դիմակ է կրել եւ հեռավորություն է պահպանել»: Որպես նվեր` դիվանագետը նոր հոկեյի փայտ, COVID-19 պատվաստանյութ եւ վազքի կոշիկներ է խնդրել:

Շաբաթ օրը Twitter-ում Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Սալիվանի նամակը:

«Հարգելի դեսպան, Սանտա Կլաուսը կատարե՞լ է պատվաստանյութերի Ձեր երազանքը: Եթե ​​ոչ, ապա մեր Ձմեռ պապը նվեր ունի Ձեզ համար. Sputnik V պատվաստանյութը հաստատված է 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար»,- ասվում է գրառման մեջ:

Սալիվանն այս տարվա նոյեմբերի 20-ին դարձավ 61 տարեկան:

Շաբաթ օրը Ռուսաստանի առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ Sputnik V-ն հաստատվել է 60 տարեկանից բարձր մարդկանց պատվաստման համար: Մշակողների Twitter էջին հաղորդվել է, որ այդ տարիքային խմբի համար դեղամիջոցը 90 տոկոսանոց անվտանգություն եւ արդյունավետություն է ցույց տվել: