Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա կառավարությունն այսօր զբաղված են Իսրայելին եւ Եվրամիությանը հմայելով: Բրյուսելի եւ Թել Ավիվի հետ փչացած հարաբերությունները վերականգնելու այդ փորձերը բխում են Անկարայի մտավախությունից՝ կապված Թուրքիայի նկատմամբ Բայդենի վարչակազմի հնարավոր դիրքորոշման հետ, գրում է Jerusalem Post-ը:

Ինչո՞ւ է Թուրքիային մտահոգում Բայդենը: Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշագրավ տարրերից մեկը դարձավ նրա հանդուրժողական վերաբերմունքը Անկարայի նկատմամբ: 2016-2020 թվականները տարբերվեցին Թուրքիայի ռազմական ներխուժումներով Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում եւ Կատարում, ՀԱՄԱՍ-ի աճող աջակցությամբ եւ Հունաստանի եւ Կիպրոսի հետապնդմամբ Արեւելյան Միջերկրական ծովում:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը հանգեցրեց երկրի բացառմանը F-35 ծրագրից: Սակայն մեծ հաշվով Թուրքիան վերջին կես դարում հասկացավ, որ կարող է դիմակայել արեւմտյան դաշնակիցներին եւ անտեսել հարեւան երկրների ինքնիշխանությունը՝ ընդ որում չբախվելով Վաշինգտոնի կողմից բացասական արձագանքի:

Ինքը՝ Բայդենը, բացահայտ քննադատել է Էրդողանին: The New York Times-ի հետ զրույցում Բայդենն ասել է, որ ինքը «մտահոգված է» քրդերի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքով եւ Ռուսաստանի հետ նրա համագործակցությամբ:

Նման մեսիջները միանշանակ են: Թուրքիային էլ ավելի է մտահոգել Բայդենի թիմում ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Ջեյք Սալիվանի եւ պետքարտուղարի պաշտոնում Էնթոնի Բլինքենի նշանակումը, որոնք բացահայտ քննադատել են Թուրքիայի քաղաքականությունը: Բլինքենը վերջերս Թուրքիան անվանել է «այսպես կոչված ռազմավարական գործընկեր»: Բրեթե ՄքԳերկը, ով կղեկավարի ազգային անվտանգության խորհրդում Մերձավոր Արեւելքի քաղաքականությունը, Անկարայում համարվում է bête noire (ամեն վատի օրինակ): ՄքԳերկին համարում են Սիրիայում քրդերի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների գլխավոր աջակից եւ ճարտարապետ, եւ, հետեւաբար, դա Թուրքիայի համար տագնապալի նշան է:  

Վերջին կես դարում Թուրքիայի գործողությունների հետեւանքով քիչ դաշնակիցներ են մնացել: Դեկտեմբերին Եվրամիությունը սկսել է սահմանափակող պատժամիջոցներ պատրաստել Թուրքիայի դեմ՝ ի պատախան Անկարայի կողմից գազի հորատմանը ջրերում, որոնց հավակնում է Կիպրոսը:

Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում՝ պրոքսի ուժերի կիրառմամբ, ինչպես նաեւ նրա կողմից սիրիացի փախստականների հարցի շահարկումը՝ ԵՄ-ի վրա ճնշման նպատակով, հանգեցրել են օտարության զգացմունքի եւ կասկածամտության Եվրոպայում:

Նման ձեւով Իսրայելի հետ հարաբերությունները մնացել են լարված՝ չնայած 2016 թվականին ֆորմալ հաշտեցմանը: Առեւտուրը կայուն է: Հաղորդվել է, որ հետախուզության հետ համագործակցությունը շարունակվում է: Սակայն վերջերս փլուզվեցին մթնոլորտի լավացման հույսերը: Այն բանից հետո, երբ El AL բեռնափոխադրող ինքնաթիռը վայրէջք կատարեց Ստամբուլում տասնամյակի ընթացքում առաջին անգամ, Էրդողանը հանդես եկավ ելույթով, որում կտրուկ քննադատեց Իսրայելին:

Այդ պատճառով Բայդենի հետ կապված մտավախությունների ֆոնին Թուրքիան այժմ փորձում է վերականգնել ԵՄ-ի եւ Իսրայելի հետ հարաբերությունները: Փոխվել է տոնը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում Էրդողանը հոկտեմբերին «բուժման կարիք ունեցող» է անվանել մուսուլմանների նկատմամբ նրա ենթադրյալ վերաբերմունքի պատճառով, բարեկամական ամանորյա ուղերձ է ստացել Էրդողանից:

Իսրայելի համար հմայումն էլ ավելի ակնհայտ է դարձել: Գաղտնի երկկողմ բանակցությունների մասին լուրերը հաստատվել են: Էրդողանի՝ արտասահմանյան գործերով խորհրդական Մեսութ Քասընը դեկտեմբերին «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է. «Եթե մենք կանաչ լույս տեսնենք, Թուրքիան կրկին կբացի դեսպանատունն ու կվերադարձնի Իսրայելի դեսպանին: Հնարավոր է, որ մարտին մենք կրկին ամբողջությամբ վերականգնենք դիվանագիտական հարաբերությունները»:

Times թերթում այս շաբաթ հայտնված հոդվածը հաստատել է, որ ապացույցներ կան, որոնք պնդում են, որ Էրդողանն այժմ «վերանայում է» ՀԱՄԱՍ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները:

Ինչպե՞ս դրան կարձագանքի Իսրայելը: Չնայած նրան, որ Անկարայի հետ հարաբերությունների լավացումը, անկասկած, ողջունվում է, սակայն այս պահին դա անհրաժեշտություն չէ Իսրայելի համար:

Ի՞նչ կարող է Թուրքիան հարաբերությունների զարգացման փոխարեն առաջարկել Իսրայելին: Այսօր էրդողանյան Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ռազմավարական համագործակցությանը կարող են հավատալ միայն լավատեսները: Ավելի հավանական է, որ Թուրքիայի նախագահը երջանիկ կլիներ շահ ստանալ աճող լեգիտիմությունոից, որը նրան տրամադրվել է շնորհիվ Իսրայելում մթնոլորտի լավացման՝ Բայդենի՝ իշխանության գալու ծանր շրջանում: Բարելավված մթնոլորտից հնարավոր է հրաժարվել ավելի ուշ, երբ դրա համար տակտիկական պատճառները դադարեն նշանակություն ունենալուց: Սակայն կուլ տալով Էրդողանի խայծը՝ Իսրայելը կվնասի իր կապերը 4 այլ երկրների՝ Անկարայի մրցակիցներ ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Հունաստանի եւ Կիպրոսի հետ կապերը՝ առանց որեւէ երկարաժամկետ շահի:

Պատճառը, ըստ որի՝ նման ելքը հավանական է, եթե Իսրայելը գնա Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման ճանապարհով, կայանում է նրանում, որ Թուրքիան շատ հստակ սկսել է իրականացնել սեփական նախագիծը ձեւավորվող հետամերիկյան Մերձավոր Արեւելքում, եւ այն չի ներառում բարեկամությունն Իսրայելի հետ: Այդ նախագիծն իր մեջ ներառում է սերտ կապ Կատարի հետ: