Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սոցցանցերում գրաքննության անհրաժեշտություն է տեսնում, սակայն խոստովանել է, որ Մինսկը չի կարող այս գործընթացի նախաձեռնողը դառնալ, հայտնում է BelTA-ն:

Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Բելառուսում այս ոլորտում լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկվեն` պետության եւ ժողովրդի շահերի պաշտպանության համար: Նրա կարծիքով` ժամանակի ընթացքում երկրները կսկսեն գրաքննություն ներդնել սոցցանցերում: Բայց, շեշտել է նա, Բելառուսը չի կարող այս գործընթացի նախաձեռնողը լինել: «Հավանաբար, գործընթացը պետք է սկսի նա, ով ծնել է այս օձին եւ բաց թողել այն շշի միջից: Մենք ընդհանրապես չենք կարող դա անել: Եթե ​​մենք փակենք մի ուղղություն, դուրս կգա մեկ այլ ուղղությունից»,- ասել է նախագահը:

«Սոցցանցերի եւ մեսենջերների շնորհիվ մենք այժմ կարող ենք մոլորակային հեղափոխություն ծնել: Դուք տեսնում եք, որ այսօր բոլոր երկրներում են նմանատիպ իրադարձություններ տեղի ունենում, որոնք վերահսկվում են այս ցանցերի միջոցով, այլ ոչ թե` տեղից: Ինչպես մեզ մոտ էր. ամեն ինչ վերահսկվում էր Լեհաստանի եւ Լիտվայի տարածքից: Այնպես որ, այո, մենք այս որոշումների ընդունման շեմին ենք: Սակայն դրանք պետք է սկսվեն այս աշխարհի հզորներից»,- ասել է նա: