Հնագետները Չինաստանի կենտրոնում արիստոկրատ զույգի դամբարան են հայտնաբերել, որը ժամանակագրորեն պատկանում է Պատերազմող թագավորությունների դարաշրջանին (մ.թ.ա. 475-221): Այս մասին շաբաթ հաղորդել է «Սինհուա» գործակալությունը:

Հաղորդվում է, որ դամբարանը հայտնաբերվել է Հուբեյ նահանգի Շայան շրջանի տարածքում, որտեղ ավելի քան 2.5 հազար տարի առաջ (մ.թ.ա. VIII-III դդ.) գտնվում էր Չու թագավորությունը` Չինաստանի ամենազարգացած հին պետություններից մեկը: Պեղումների ժամանակ գիտնականները երկու ստորգետնյա սրահ են գտել, որտեղ, նրանց կարծիքով, թաղված էին ազնվականի եւ նրա կնոջ աճյունները:

Ինչպես պարզաբանել են հետազոտողները, դամբարանում ձիերի եւ զոհաբերման կառքերի համար նախատեսված որմնախորշեր են հայտնաբերվել, ինչպես նաեւ` բազմաթիվ իրեր, որոնք, ըստ ավանդույթի, դրվել են գերեզմանի մեջ: Հին չինացիները հավատում էին, որ մահից հետո մարդը ճանապարհորդությունն է սկսում դեպի վերերկրային աշխարհ, որտեղ մահացածին պետք կգան այն իրերը, որոնցից նա օգտվել է կյանքի ընթացքում:

Հնէաբանները գետնի տակից նյութական մշակույթի բավականին շատ առարկաներ են հայտնաբերել` զարդեր, երաժշտական ​​գործիքներ եւ սպասք: Առավել ուշագրավ նմուշներից են գերեզմանը հսկող գազանի արձանը, ինչպես նաեւ գեղարվեստական ​​ոճով պատրաստված թմբուկը` թռչունների եւ կենդանիների ֆիգուրների իմիտացիայով: Բացի այդ, դամբարանում ութ մեծ երկանիվ սայլերի մնացորդներ եւ 18 ձիերի ոսկորներ են հայտնաբերվել:

Մասնագետների կարծիքով` այս հնագիտական ​​հայտնագործությունը մեծ նշանակություն ունի, քանի որ պատմաբաններին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրի Հին Չինաստանի բնակիչների մշակույթի եւ կյանքի առանձնահատկությունների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: