Ապագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է բարձրացվել ավելի քան 1 տոկոսով, ամեն ինչ կախված կլինի իրավիճակից: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Մենք այն բարձրացնելու ենք մինչեւ այնպիսի ցուցանիշներ, որոնք կհանգեցնեն գների կայունացման: Տոկոսադրույքի բարձրացման մասին վերջին որոշումը նույնպես արտաքին ինֆլյացիոն միտումներից ելնելով է ընդունվել, մասնավորապես՝ հաշվի առնելով սննդամթերքի կտրուկ գնաճը: Նա նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում, ֆինանսական ռեսուրսների հասանելիության նվազում, ներդրումների կրճատում:

Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանում գրանցվել է վարկավորման տեմպերի կրճատում, աճել են չաշխատող վարկերի ծավալները, իսկ այս տարի կարող են վարկավորման խնդիրներ ծագել: «Այսօր բանկերը կենտրոնացած են բիզնեսի վարկավորման վրա, որը նոր լուծումներ կառաջարկի, եւ հենց այդպիսի առաջարկներին է նախապատվություն տրվելու: Բանկերից ազդանշաններն այնպիսին են, որ 2020 թվականի ընթացքում բնակչության եկամուտների նվազումը եւ ֆինանսական վիճակի վատթարացումը կանդրադառնան վարկավորման ներուժի վրա: Այն ավելի վատթար կլինի, քան նախկինում էր: Չնայած բանկերի միջոցով Կառավարության իրականացվող ծրագրերի հաշվին վարկային պորտֆելի աճին, վարկային պորտֆելի աճի տեմպերը նախորդ տարիների համեմատ նվազել են»,- ամփոփեց Գալստյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշում է ընդունվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով բարձրացնելու մասին՝ այն սահմանելով 5,5 տոկոսի մակարդակում: