Չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրերին՝ երեքշաբթի ստորագրել ներգաղթային կանոնները մեղմացնող նոր գործադիր հրամաններ, Սպիտակ տունը օտարերկրացիներին կոչ է անում խուսափել ԱՄՆ գնալու փորձերից: Այս մասին ճեպազրույցում լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ Բայդենը մտադիր է ստեղծել միգրանտների ընտանիքների միավորման աշխատանքային խումբ, որոնց միմյանցից բաժանել էին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին: Երկրորդ հրամանով նախատեսվում է ապաստան տրամադրելու մարդասիրական համակարգի ստեղծում եւ ԱՄՆ հարավային սահմանով չկարգավորվող միգրացիայի խնդրի լուծման ռազմավարության մշակում: Երրորդ փաստաթղթով նախատեսվում են ամերիկյան հանրությանը միգրանտների ինտեգրման միջոցառումներ եւ միգրացիոն համակարգի ազնվության ու արդյունավետության ապահովում:

Պսակիի խոսքով՝ սա, այնդուհանդերձ, չի նշանակում, որ ներգաղթյալները պետք է հապշտապ փորձեն հայտնվել ԱՄՆ-ում՝ կապված կանոնների ապագա փոփոխության հետ: