Կորոնավիրուսի դեպ պատվաստանյութի ավելի քան 104 միլիոն դեղաչափ է ներարկվել ամբողջ աշխարհում, ինչը գերազանցել է COVID-19-ով վարակվածների թիվը մոլորակի վրա համավարակի սկզբից, վկայում են Bloomberg գործակալության գնահատականները` վկայակոչելով կառավարական կայքերի, մամուլի ասուլիսների տվյալները, հրապարակային հայտարարությունները եւ գործակալության հետ հարցազրույցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալության տվյալներով` համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 103.8 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը գերազանցել է 26 միլիոնը, որին հաջորդում են Հնդկաստանը` 10 միլիոն դեպք, եւ Բրազիլիան` 9 միլիոն դեպքով:
Ընդ որում, 66 երկրների բնակիչներին ներարկված պատվաստանյութերի դեղաչափերի քանակը գերազանցել է 104 միլիոնը:

Գործակալության տվյալներով` ամբողջ աշխարհում օրական մոտ 4.22 միլիոն դեղաչափ է ներարկվում: Ընդ որում, պատվաստումների այս տեմպերով տարիներ կպահանջվեն գլոբալ իմունիտետի զգալի մակարդակի հասնելու համար, նշում է գործակալությունը, սակայն պատվաստումների մակարդակը կայուն աճում է, եւ շուտով կարող են նոր պատվաստանյութեր հայտնվել այլ արտադրողների կողմից:

Պատվաստումների մակարդակով առաջատար են ԱՄՆ-ն, Չինաստանը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Հնդկաստանը և ԱՄԷ-ն: