Ոսկու եւ արծաթի գինը հինգշաբթի առավոտյան փոքր-ինչ իջնում է դոլարի ամրապնդման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների պայմանագրի գինը նվազել է 0.76 տոկոսով կամ 13.9 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1821.2 դոլար: Արծաթի` մարտ մասվա ֆյուչերսների գինը նվազում է 1.79 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 26.4 դոլար:
Ոսկու եւ արծաթի գներն արձագանքում են դոլարի փոխարժեքի դինամիկային: Այդպես, եվրոն դոլարի նկատմամբ վաճառվում է երկամսյա նվազագույն մակարդակում: Ավելի թանկ դոլարը բացասաբար է ազդում մետաղների արժեքի վրա` դրանք պակաս մատչելի դարձնելով այլ արժույթների տեր ներդրողների համար:
Ընդ որում, վերլուծաբանները նշում են, որ արծաթի գների դինամիկան վերադարձել է նախկին ցուցանիշներին: Ավելի վաղ մետաղի գները սկսել են կտրուկ բարձրանալ Reddit առցանց հարթակի մասնավոր ներդրողների ակտիվության արդյունքում: Արծաթի գինը հասել էր ութ տարվա առավելագույն մակարդակին, այնուհետեւ` կտրուկ ընկել:





























