2017 թվականին Անտարկտիդայում 6000 կմ² մակերեսով սառույցի վիթխարի զանգվածը պոկվել էր Larsen C շելֆային սառցադաշտից եւ ուղղվել դեպի ծով: Այն նախապես նշված էր որպես А-68, ավելի ուշ կազմավորել էր ավելի փոքր չափերի երեք այսբերգ, որոնցից ամենամեծը վերանվանվել էր А-68а, փոխանցում է Nat-geo-ն:
2020 թվականին արբանյակային լուսանկարները եւ ռազմական հետախուզական թռիչքները ցույց էին տվել, որ չնայած այսբերգը կորցրել էր իր սկզբնական չափի ավելի քան 30 տոկոսը, այն Հարավային Ջորջիա կղզուն բախվելու ուղղության վրա էր, որը աշխարհում ամենախոշոր ծովային արգելոցներից մեկն է:
Մտավախություն կար, որ A-68а-ն կարող էր գետնի մեջ խրվել շրջապատող կղզիների լայն առափնյա ծանծաղուտում եւ խոշորածավալ վնաս հասցնել շրջակա միջավայրին՝ խախտելով տեղական փոկերի եւ պինգվինների սնվելու ռեժիմը, պատռելով ծովի հատակը եւ ծովը հեղեղելով սառը քաղցրահամ ջրով:
Այս սցենարից հաջողվել է խուսափել: ESA-ի Copernicus արբանյակներից ստացված վերջին պատկերները ցույց են տալիս, որ այսբերգը ուղղությունը Հարավային Ջորջիայից թեքել է եւ շարունակել փլուզվել ավելի մանր այսբերգների: Ներկայումս նախնական այսբերգը բաժանվել է արդեն 9 կտորի:
Հիմա A-68а այսբերգն ունի 60 կմ երկարություն եւ 22 կմ լայնություն, գտնվում է Հարավային Ջորջիայից 225 կմ հեռավորությամբ եւ դրեյֆում է դեպի հարավ: Սառցե մյուս զանգվածները եւս կղզուց զգալի հեռավորության վրա են:
ESA-ից հայտնում են, որ Copernicus արբանյակները շարունակում են հետեւել այսբերգներին եւ օվկիանոսային հոսանքներիրն, քանի որ սառցե զանգվածները շարունակում են փլուզվել:
Հարավային Ջորջիա կղզին հոսանքների արահետի մեջտեղում է, որոնք Անտարկտիդայից խոշոր այսբերգները տեղափոխում են հյուսիս դեպի հասարակած: 2004 թվականին մեկ այլ այսբերգ, որը կոչվում էր A38-b, խրվել էր կղզու մոտ ծանծաղուտում՝ դառնալով մեծ թվով պինգվինների եւ փոկերի ոչնչանալու պատճառը:
Հարավային Ջորջիան հարավային Ատլանտիկայում մերձարկտիկական անբնակ կղզի է, որը վարչականորեն պատկանում է Մեծ Բրիտանիային: Սա հրաբխային ծագմամբ ժայռոտ կղզի է, որը ծածկված է տունդրայով եւ օվկիանոսային մարգագետիններով: Հարավային Ջորջիան ամենատարբեր բեւեռային բնակիչների տունն է, ներառյալ ծովափղերի (Mirounga), ծովակատուների (Arctocephalinae) եւ թագավորական պինգվինների (Aptenodytes patagonicus):




























