Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազում են, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սա լավ պահ է, որպեսզի ընդգծենք այն փաստը, որ մենք մի շարք երկրներում միջադեպերի թվի (վարակման դեպքերի – խմբ.) նվազում ենք տեսնում»,- նշել է նա:
ԱՀԿ փորձագետի խոսքով՝ դրան հաջողվել է հասնել առաջին հերթին միջոցառումների կիրառման շնորհիվ, որոնք ընդհատում են վիրուսի փոխանցման շղթաները: Նա կորոնավիրուսի հակազդման մյուս «աներեւակայելի հզոր գործիք» է անվանել պատվաստումը:
Ընդ որում՝ Կերկհովենը երկրներին, որտեղ COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է, կոչ է արել շարունակել համավարակի դեմ պայքարի միջոցառումների պահպանումը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ավելի վաղ ճեպազրույցում հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստացած մարդիկ ավելի շատ են դարձել, քան հիվանդացածները: «Սա, մի կողմից, լավ նորություն է եւ ցնցող ձեռքբերում այսպիսի կարճ ժամանակահատվածում: Բայց այս պատվաստումների երեք քառորդից ավելին բաժին է ընկնում ընդամենը 10 երկրի, որտեղ կուտակված է գլոբալ ՀՆԱ-ի գրեթե 60 տոկոսը»,- նշել էր նա:
Գեբրեյեսուսը պետություններին, որոնք արդեն պատվաստել են բնակչության առավել խոցելի հատվածին եւ բուժաշխատողներին, կրկին կոչ է արել, մյուս երկրներին փոխանցել պատվաստանյութերի ավելցուկը, մինչեւ զանգվածային պատվաստումների շարունակումը:




























