Սեուլի մայրաքաղաքային կառավարությունը հայտնել է, որ տենդով, հազով կամ դժվարացած շնչառությամբ տնային կատուներին եւ շներին կառաջարկվեն կորոնավիրուսի թեստեր, եթե նրանք շփվել են հիվանդությունը կրող մարդկանց հետ, հաղորդում է AFP-ն:
Ծրագիրն անցկացվում է մի քանի շաբաթ անց այն բանից, երբ երկիրը հայտնել է կենդանու մոտ Covid-19-ի առաջին դեպքի մասին: «Այսօրվանից Սեուլի մայրաքաղաքային կառավարությունը կառաջարկի կորոնավիրուսի թեստեր տնային շների եւ կատուների համար»,- ասել է Սեուլ քաղաքի ներկայացուցիչ Պակ Յումին:
Թեստավորումները կսահմանափակվեն այն տնային կենդանիներով, որոնք կորոնավիրուսով մարդկանց հետ շփումից հետո ունեն ախտանիշներ, ներառյալ՝ ջերմություն, հազ, շնչարգելություն:
Դրական պատասխանով կենդանիները ստիպված կլինեն տանը մեկուսացման մեջ մնալ 14 օր, բայց եթե տերերը վիրուս ունենան, նրանց կենդանիները կուղարկվեն առանձին ապաստարաններ:





























