Տանզանիան ավելի քան վեց ամիս է ծախսել՝ փորձելով աշխարհին համոզել, որ աղոթքի միջոցով ազատվել է կորոնավիրուսից եւ հրաժարվելով միջոցներ ձեռնարկել դրա տարածումը զսպելու համար: Այնուամենայնիվ, «թոքաբորբին» վերագրվող մահերի թիվն աճում է, եւ մարդիկ սկսում են դժգոհել, հայտնում է AFP-ն:

Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին անընդհատ նսեմացրել է վիրուսի լրջությունը, նույնիսկ երբ հարեւան երկրները փակում էին սահմանները եւ պարետային ժամ ու կարանտին մտցնում:

Երկիրը վերջին անգամ հիվանդության տվյալները հաղորդել է 2020 թվականի ապրիլին, երբ Մագուֆուլին հայտնեց, որ ինքը գաղտնի ստուգել է վիրուսի հայտնաբերման տարբեր բաներ: Նա հայտարարել էր ազգային լաբորատորիայում «սաբոտաժի» մասին, չնայած հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնները (Africa CDC) հայտարարում էին, որ Տանզանիայի թեստերը հուսալի են:

Վիրուսի մասին տեղեկատվության տարածումը ճնշելու համար ընդունվել են օրենքներ, որոնք արգելում են առանց պաշտոնական թույլտվության «մահացու կամ վարակիչ հիվանդությունների» մասին տեղեկատվության հրապարակումը:

Սակայն երբեմն կարելի է տեսնել մարդկանց, ովքեր դիմակ են կրում, իսկ ոմանք բացահայտ խոսում են իրենց վախերի մասին:

Հունվարին դանիական Statens Serum Institut-ը, որը զբաղվում է վարակիչ հիվանդություններով, Տանզանիայից ժամանած ճանապարհորդների մոտ հաստատել է հարավաֆրիկյան նոր տարբերակի երկու դեպք, որը ենթադրաբար ավելի վարակիչ է:

Խախտելով կառավարության լռության կանոնագիրը, Տանզանիայի Հռոմեական կաթոլիկ եկեղեցին իր հետեւորդներին կոչ է արել պաշտպանվել: «Մեր երկիրը կղզի չէ: Մենք բոլոր հիմքերը ունենք նախազգուշական միջոցներ ձեռնարկելու եւ Աստծուն աղոթելու, որպեսզի կարողանանք չվնասված մնալ այս համավարակում»,- ասվում է արքեպիսկոպոսներին եւ եպիսկոպոսներին ուղղված նամակում: