ԱՄՆ-ը ավելի քան 200 միլիոն դոլար կփոխանցի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի վիրտուալ հանդիպման ժամանակ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նա նաեւ ԱՀԿ բարեփոխումների կոչ է արել: «Ուրախ եմ հաստատել, որ մինչեւ ամսվա վերջը Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 200 միլիոն դոլարի հաշվարկված եւ ընթացիկ պարտավորություններ վճարել ԱՀԿ-ին»,- ասել է Բլինքենը: «Սա առանցքային քայլ է` որպես ԱՀԿ-ի անդամ մեր ֆինանսական պարտավորությունները կատարելու ուղղությամբ եւ արտացոլում է մեր նվիրվածությունն ու աջակցությունը ԱՀԿ-ին` համավարակի գլոբալ արձագանքը տանելու համար: Նույնիսկ եթե մենք աշխատում ենք կազմակերպության բարեփոխման ուղղությամբ, ապագայի համար»:
Բլինքենը նաեւ կրկնել է COVID-19-ի ծագման մասին «անկախ» հետաքննություն անցկացնելու վարչակազմի կոչը: «Մենք գիտենք, որ COVID-19-ի բռնկումները կարող են տեղի ունենալ առաջիկա տարիներին: Այս համավարակի ընթացիկ փորձագիտական հետաքննությունը եւ զեկույցը, որը կթողարկվի, պետք է անկախ լինեն, ունենան եզրակացություններ՝ հիմնված գիտական ապացույցների եւ փաստերի վրա, եւ առանց միջամտության»,- ասել է նա: «Այս համավարակն ավելի լավ հասկանալու եւ հաջորդին նախապատրաստվելու համար բոլոր երկրները պետք է տվյալները տրամադրեն ցանկացած բռնկման հենց առաջին օրերից: Թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը միջազգային փորձագետների համար պետք է լինեն իրապես գլոբալ խնդրի լուծման մեր ընդհանուր մոտեցման առանձնահատկությունները»:





























