Վաշինգտոնի համալսարանի, Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի եւ Օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) գիտնականները հայտնաբերել են, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի քաղցրահամ ջրի պարունակությունը վերջին երկու տասնամյակում 40 տոկոսով մեծացել է: Ատլանտյան օվկիանոս քաղցրահամ ջրի թափանցումը կարող է աղետալի ազդեցություն ունենալ գլոբալ կլիմայի վրա, հայտնում է Nature Communications-ը:
Գիտնականների խոսքով՝ քաղցրահամ ջրի կուտակումը տեղի է ունենում արկտիկական սառույցների հալչելու հետեւանքով: Ներկայումս քաղցրահամ ջուրը գտնվում է աղի ջրի վրա եւ մակերեւույթին պահպանվում է Բոֆորտի ծովում քամիների շնորհիվ՝ ստեղծելով ջրային գմբեթի նման ինչ-որ բան: Եթե քամիները թուլանան, ապա քաղցրահամ ջուրը կթափանցի հյուսիսային Ատլանտիկա՝ ներառյալ Լաբրադորի ծով: Սա, իր հերթին, կազդի Ատլանտյան օվկիանոսում օվկիանոսային խոշոր հոսանքների վրա, ինչպես նաեւ սառը եւ տաք ջրերի շրջապտույտի վրա:
Հետազոտողների եզրահանգումը հիմնված է օվկիանոսի շրջապտույտի մոդելավորման վրա, որը թույլ է տվել 1983-1995 թվականների ժամանակահատվածում հետեւել Բոֆորտի ծովում քաղցրահամ ջրերի տարածմանը: Պարզվել է, որ քաղցրահամ ջրի մեծ մասը Լաբրադոր է հասել Կանադական Արկտիկական արշիպելագով: Այդ իրադարձության ժամանակ Լաբրադորի աղիությունը նվազել է հազար մասին 0,2-0,4 մասով:
Ներկայումս Բոֆորտի ծովում քաղցրահամ ջրի ծավալը 2 անգամ ավելի շատ է, քան անցյալ անգամ, եւ կազմում է 23 հազար խորանարդ կիլոմետր: Չնայած Ատլանտիկայի վրա այսպիսի քաղցրահամաջրային «ռումբի» ստույգ ազդեցությունը անհնար է կանխատեսել, գիտնականները կարծում են, որ դա լուրջ ազդեցություն կունենա ամբողջ Հյուսիսային կիսագնդի կլիմայի վրա:



























