Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ օրը վիդեոկոնֆերանս են անցկացրել՝ երկկողմ կապերն ու տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար, հաղորդում է Ahval-ը:

Տեսակապի ընթացքում Էրդողանը հաստատել է սիրիացի փախստականների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու հարցում Եվրամիության աջակցության անհրաժեշտությունը, ասվում է նախագահի աշխատակազմի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Էրդողանը բազմիցս սպառնացել է բացել իր երկրի եվրոպական սահմանները Թուրքիայում բնակվող գրեթե 4 միլիոն սիրիացի փախստականների առջեւ՝ անցյալ տարի որոշ ժամանակով իրագործելով դա, ինչը հանգեցրեց անցակետերում քաոսային տեսարանների, նշում է լրատվամիջոցը:

Երկու երկրների ղեկավարները նաեւ քննարկել են արեւելյան Միջերկրական եւ Էգեյան ծովերում առկա լարվածությունը՝ ԵՄ անդամ Հունաստանի եւ Կիպրոսի հետ ծովային սահմանների եւ բնական գազի պաշարների հասանելիության շուրջ:

Վերջերս ԵՄ-ն պատժամիջոցներ էր սահմանել վիճահարույց ջրերում հորատման աշխատանքներում ներգրավված թուրքական կազմակերպությունների նկատմամբ:

Սակայն Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «շարունակում է կառուցողական դիրքորոշում ցուցաբերել արեւելյան Միջերկրական ծովի եւ Էգեյան ծովի հարցերում»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Պատվաստումների ոլորտում առաջընթացը նշանակում է, որ ապրիլին Թուրքիայում կվերսկսվի «առանց արգելքների եւ անվտանգ զբոսաշրջությունը», ասել է Էրդողանը:

Զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության ամենակարեւոր ոլորտն է՝ 2019-ին երկիր է այցելել շուրջ 5 միլիոն գերմանացի զբոսաշրջիկ: