Իրանի ղեկավարությունը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի փետրվարի վերջին Թեհրան կատարած այցից հետո ոչ մի նոր պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պետք է ընդգծեմ, որ Թեհրանում վերջին համաձայնագրից հետո (խոսքը փետրվարի վերջին Գրոսիի այցի մասին է) ԱԷՄԳ-ի հետ ոչ մի նոր պայմանավորվածություն չկա», - մեջբերում է նրան ISNA-ն: Ըստ Իրանի ներկայացուցչի՝ «եվրոպացիները ցանկանում են օգտագործել հարցը (Իրանում ԱԷՄԳ-ի ապրիլին կատարելիք ստուգումները) որպես իրենց հեղինակությունը փրկելու եւ բանաձեւի ընդունումը մերժելը արդարացնելու միջոց (ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդում):
Մարտի 4-ին Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան պաշտոնապես հրաժարվել են Իրանը քննադատող իրենց բանաձեւի նախագիծը ԱԷՄԳ-ի ԿԽ-ում քվեարկության դնել: Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ բանաձեւի նախագիծը մերժվել է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ջանքերի շնորհիվ: Բացի այդ, Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ը Իրանի հետ ապրիլի սկզբին Թեհրանում խորհրդակցություններ կանցկացնի այն հարցերի շուրջ, որոնք երկու կողմերի միջեւ երկար ժամանակ չեն լուծվել:
Փետրվարի 22-ին Գրոսին բանակցություններ է վարել Թեհրանում, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել սահմանափակ ստուգման գործողությունները Իրանի միջուկային օբյեկտներում մինչեւ երեք ամիս: Միեւնույն ժամանակ, իրանական կողմը հայտնել է, որ ԱԷՄԳ-ը փետրվարի 23-ից հետո Իրանում միջուկային օբյեկտներում տեսախցիկների հասանելիություն չի ունենա, բայց այս տվյալները կպահպանվեն երեք ամիս՝ այն դեպքի համար, եթե ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները: Եթե Վաշինգտոնը մինչ այդ պահը չվերադառնա միջուկային գործարքին, ապա տեսախցիկներից ամբողջ տեղեկատվությունը կջնջվի:





























