Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե ծայրահեղ աջակողմյա ուժերի առաջարկով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք արգելում են կրել դեմքը փակող հագուստ, հաղորդում է Reuters-ը:

Կանխատեսումների համաձայն՝ նշված փոփոխությունների օգտին կքվեարկի ընտրողների 48-52 տոկոսը:

Ներկայացված առաջարկում ուղղակիորեն չի հիշատակվում իսլամը, ներկայացվել է նաեւ փողոցի ցույցերի մասնակիցներին դիմակներ կրելու արգելքի մասին առաջարկ, սակայն տեղի քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների ու քարոզիչների համոզմամբ՝ դա փարանջա կրելու արգելք է:

«Շվեյցարիայում մեր ավանդույթը կայանում է նրանում, որ դուք ցույց եք տալիս ձեր դեմքը: Դա մեր հիմնարար ազատությունների նշան է»,-նախքան քվեարկությունը հայտարարել է հանրաքվեի հանձնաժողովի նախագահ եւ Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության պատգամավոր Վալտեր Վոբմանը:

Նա անվանել է ծածկված դեմքը «այդ ծայրահեղական, քաղաքական իսլամի խորհրդանիշ, որը դառնում է էլ ավելի նկատելի Եվրոպայում եւ որը տեղ չունի Շվեյցարիայում»:

Առաջարկը ներկայացվել էր դեռեւս նախքան կորոնավիրուսը, որի պատճառով չափահասները ստիպված էին կրել դիմակենր վարակի տարածումը կանխարգելելու համար:

Առաջարկը խորացրել է լարված հարաբերությունները Շվեյցարիայի եւ իսլամի միջեւ, երբ քաղաքացիները 2009 թվականին քվեարկել էին նոր մինարեթներ կառուցելու արգելքի օգտին:

2011 թվականին Ֆրանսիան արգելել էր չադրայի հրապարակային կրումը, իսկ Դանիան, Ավստրիան, Նիդերլանդներն ու Բուլղարիան հաստատել են լիարժեք կամ մասնակի արգելք չադրա հրապարակային կրելու համար:

Շվեյցարիայում գրեթե ոչ ոք չի կրում փարանջա, եւ միայն շուրջ 30 կին է կրում նիքաբ՝ Լյուցերնի համալսարանի գնահատմամբ: Մահմեդականները կազմում են 8,6 միլիոնանոց շվեյցարական բնակչության 5 տոկոսը:

Շվեյցարիայի մահմեդականներն ասում են, որ աջակողմյա կուսակցություններն օգտագործել են քվեարկությունն նրանց սեւացնելու եւ կողմնակիցներ հավաքելու համար:

Amnesty International-ն անվանել է հիջաբ կրելու արգելքը «վտանգավոր քաղաքականություն, որը խախտում է կանանց իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատության եւ կրոնի իրավունքը»:

Կառավարությունը հայտարարել է, որ առաջարկը շատ հեռու է գնացել եւ խորհուրդ տվել ընտրողներին մերժել արգելքը: