Եգիպտական դիվանագիտական աղբյուրները հերքել են Թուրքիայի պնդումներն այն մասին, թե Անկարան եւ Կահիրեն երկկողմ բանակցություններ են սկսել Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ծովային սահմանների գծանշման շուրջ:
«Կահիրեն մտադիր չէ բանակցություններ վարել Թուրքիայի հետ այդ հարցի շուրջ: Եգիպտոսը հակված է նրան, որպեսզի Կիպրոսը եւ Հունաստանը մասնակցեն Թուրքիայի հետ ցանկացած բանակցություններին»,- Arab News-ին ասել է աղբյուրներից մեկը:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն անցած շաբաթ ասել էր, որ Թուրքիան կարող է բանակցել եւ Եգիպտոսի հետ գործարք կնքել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ծովային սահմանի գծանշման շուրջ` կախված երկու երկրների հարաբերությունների ընթացքից:
Դիվանագիտական աղբյուրների համաձայն` ծովային գործարքից հրաժարվելու վերաբերյալ Եգիպտոսի դիրքորոշումը չի փոխվել:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շաբաթ օրը հայտարարել էր, որ Եգիպտոսի հարգանքը թուրքական մայրցամաքային ջրերի նկատմամբ Միջերկրական ծովի արեւելքում ածխաջրածինների որոնման տենդերի շրջանակներում շատ կարեւոր իրադարձություն է: Նրա խոսքով` առաջիկա օրերին կարող են ավելի շատ նման իրադարձություններ տեղի ունենալ:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին ծովային համաձայնագիրը Հունաստանի հետ վավերացրել էր անցյալ տարվա հոկտեմբերին, որի նպատակն էր առավելագույն օգուտի ձեռք բերումը երկու կողմերի համար բացառիկ տնտեսական գոտում առկա բնական ռեսուրսներից, այդ թվում` բնական գազի պաշարներից:




























