Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին նախազգուշացրել է, որ Թեհրանը Հայֆան եւ Թել Ավիվը գետնին կհավասարեցնի, եթե Իսրայելը որեւէ ագրեսիայի դիմի Իսլամական Հանրապետության դեմ:

«Ժամանակ առ ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմը հուսահատության մեջ մեծ պահանջներ է ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետությանը` սպառնալով նրան, չնայած որ գիտի, իսկ եթե չգիտի, ապա պետք է իմանա, որ եթե որեւէ բան անի, մենք Թել Ավիվը եւ Հայֆան գետնին կհավասարեցնենք»,- ասել է Խաթամին, փոխանցում է Tasnim-ը:

Նրա խոսքով` Թեհրանը իսրայելցիներին խորհուրդ է տալիս նույնիսկ բանավոր սպառնալիքներ չհնչեցնել, «քանի որ նրանք չեն կարող դրանք իրականացնել»:

Իսրայելի Պաշտպանության նախարար Բենի Գանցն անցյալ շաբաթ ասել էր, որ եթե աշխարհը քայլեր չձեռնարկի Իրանի միջուկային ծրագրի ուղղությամբ, ապա Իսրայելը կարող է միայնակ գործել` հավելելով, որ Թել Ավիվը թարմացնում է իր պլանները ենթադրվող ռազմական հարվածի հետ կապված: «Եթե աշխարհը նրանց [Իրանը] ավելի շուտ կանգնեցնի, ապա` ավելի լավ: Բայց եթե ոչ, մենք պետք է ինքնուրույն գործենք եւ պետք է պաշտպանվենք»,- ասել էր Գանցը Fox News-ին տված հարցազրույցում: