Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կողմ է արտահայտվել Կիպրոսի խնդրի համապարփակ ու արդար կարգավորմանը: Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի հանդիպման արդյունքներով նրա աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վարչապետն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան վճռականորեն աջակցում է Կիպրոսի խնդրի համապարփակ, արդար եւ տեւական կարգավորմանը՝ հիմնված երկգոտի, երկհամայնքային ֆեդերացիայի միջազգայնորեն ճանաչված մոդելի վրա:

Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հավելել է, որ ղեկավարները քննարկել են Կիպրոսի կարգավորման շուրջ առաջիկա բանակցությունները, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան ապրիլին, Ժնեւում՝ «5 + 1» ձեւաչափով ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի ղեկավարները քննարկել են նաեւ իրավիճակը Լիբիայում: Ջոնսոնն «ընդգծել է երկրում հրադադարի ռեժիմի կատարման եւ լարվածության թուլացման կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Վարչապետը ցավակցություն է հայտնել Հյուսիսային Իրաքում Թուրքիայի տասներեք քաղաքացիների մահվան կապակցությամբ եւ դատապարտել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչների կողմից սպանությունները: Վարչապետը եւ նախագահ Էրդողանը համաձայնության են եկել Թուրքիայից դեպի Սիրիայի հյուսիս-արեւմուտք միջսահմանային մարդասիրական մուտքը հեշտացնելու մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի երկարացման կարեւորության հարցում»:

Ջոնսոնը եւ Էրդողանը քննարկել են կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցեր եւ Մեծ Բրիտանիայի ու Թուրքիայի հարաբերությունների կարեւորությունը առեւտրի ոլորտում, դրանք խորացնելու ուղիները, պաշտպանական հաղորդակցությունները, «մասնավորապես, ճանաչելով Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ում դաշնակիցների կարգավիճակը»: