Կոնգրեսի դեմոկրատները սկսել են հիմք դնել Պուերտո Ռիկոյին նահանգի կարգավիճակ տալու հարցին՝ ներկայացնելով օրինագիծ, որում նկարագրվում է կարիբյան այս կղզին Միացյալ Նահանգների կազմում ընդգրկելու հարցը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Օրենսդիրները հիշեցրել են, որ նոյեմբերին պուերտոռիկոցիների մեծ մասը սատարել էր տարածքը ամերիկյան նահանգի վերածելու առաջարկը: Օրինագիծը, որը ներկայացվել է սենատոր Մարտին Հայնրիկի եւ կոնգրեսական Դարեն Սոտոյի կողմից, Կոնգրեսի պատասխանն է Պուերտո Ռիկոյի բնակիչներին եւ նահանգի կարգավիճակ ստանալու պաշտոնական ուղի կառաջարկի:

Այն նախատեսում է տարածքի բնակիչների քվեարկություն՝ նահանգի կարգավիճակին անցնելու եւ Պուերտո Ռիկոյից սենատորների ու Ներկայացուցիչների պալատի անդամների ընտրության վերաբերյալ:

Օրինագծին սատարել են Պուերտո Ռիկոյի նահանգապետ Պեդրո Պիեռլուիսին եւ Ներկայացուցիչների պալատում տարածքը ներկայացնող հանձնակատար Ջենիֆեր Գոնսալես-Կոլոնը:

Դրա կողմնակիցները պնդում են, որ դաշնային կառավարությունը Պուերտո Ռիկոյի քաղաքացիների հետ չի վարվում այնպես, ինչպես մյուս ամերիկացիների հետ, եւ դա կարելի է ուղղել նահանգի կարգավիճակ շնորհելու միջոցով:

Սոտոն ասել է, որ օրինագիծն ունի մոտ 50 համանախաձեռնող:

Մամուլի ասուլիսում նա նշել է կղզու առջեւ ծառացած դժվարությունները, այդ թվում՝ 2017 թվականին «Մարիա» փոթորկի պատճառած ավերածությունները: Ըստ կոնգրեսականի, դրա բնակիչներն արժանի են նույն ներկայացվածությանը, ինչ բոլոր ամերիկացիները:

«Նրանք վերջապես որոշեցին, որ բավական է, որ իրենց տարածքային կարգավիճակը եւ քաղաքացիությունը երկրորդ կարգի լինեն, եւ որ փոփոխությունների ժամանակն է»,- հայտարարել է Սոտոն լրագրողներին:

Սակայն Պուերտո Ռիկոյի վերածումը ԱՄՆ նահանգի հեռու է երաշխավորված լինելուց: Սենատում այս նախաձեռնության հաստատման համար կպահանջվի 60 ձայն, իսկ հանրապետական փոքրամասնությունների ղեկավար Միթչ Մաքքոնելն ասել է, որ նման որոշումը կհանգեցնի եւս երկու դեմոկրատ սենատորների ընտրության: