Եվրամիությունը միլիարդավոր եվրո է ներդնում հիմնարար եւ առանցքային տեխնոլոգիաների մեջ՝ իր տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման եւ ԱՄՆ-ից ու Չինաստանից կախվածության նվազեցման ջանքերի շրջանակներում:
Ֆրաունգոֆերի ինստիտուտը՝ պետության կողմից աջակցություն ստացող գերմանական հետազոտական գործակալությունը, տեխնոլոգիական ինքնիշխանությունը սահմանում է որպես պետության կարողություն` «ապահովելու այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նա համարում է ծայրահեղ կարեւոր՝ իր բարեկեցության, մրցունակության եւ գործելու ունակության համար, ինչպես նաեւ կարող է զարգացնել դրանք առանց միակողմանի կառուցվածքային կախվածության»:
Եվրոպան ներկայումս մեծապես կախված է արտաքին տեխնոլոգիաներից, բայց մայրցամաքի ղեկավարները ցանկանում են փոխել դա:
«Եվրոպայի թվային ինքնիշխանության ամրապնդումը մեր թվային ռազմավարության առանցքային բաղադրիչն է»,- CNBC-ին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: «Եվրոպան կարող է առաջատար դեր ունենալ համաշխարհային ասպարեզում, երբ խոսքը տեխնոլոգիայի մասին է»:
Սակայն Եվրոպան ներկայումս հետ է մնում, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարեւոր տեխնոլոգիական ենթակառուցվածքին, ինչպիսիք են կիսահաղորդիչները եւ հեռահաղորդակցման գերարագ ցանցերը:
Այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ամերիկյան Cisco-ն եւ չինական Huawei-ը, կառուցել են ցանց, որն Եվրոպայի ավելի քան 700 միլիոն բնակչի ապահովում է ինտերնետով: Չիպերը հիմնականում մատակարարվում են այնպիսի արտադրողների կողմից, ինչպիսիք են Nvidia-ն, Qualcomm-ը եւ Intel-ը (ԱՄՆ), Foxconn-ը (PRC), Samsung-ը (Հարավային Կորեա) կամ TSMC (Թայվան): Կան ամերիկյան եւ չինական ինտերնետային հարթակներ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, Instagram-ը եւ TikTok-ը, որոնք ունեն հարյուր միլիոնավոր եվրոպացի օգտվողներ, որոնք իրենց անձնական տվյալները հսկայական մասշտաբով կիսում են ընկերությունների հետ:
«Ժողովուրդները մտահոգված են, որ տեխնոլոգիաները օտարերկրյա տերություններին թույլ են տալիս ամեն կերպ գերիշխել իրենց»,- CNBC-ին ասել է Տորոնտոյում տեղակայված խորհրդատվական ընկերության Ապագայի նորարարությունների կենտրոնի մասնագետ, աշխարհաքաղաքագետ Աբիշուր Պրակաշը: «Դրա պատճառով կառավարությունները նոր պրիզմայով են նայում տեխնոլոգիային»:




























