Հարավային Կորեան համաձայնել է մինչ 2021 թվականը 13,9%-ով ավելացնել իր ներդրումը ԱՄՆ 28500 ամերիկյան զորքերի տեղակայման ծախսերում, հաղորդում է Reuters-ը:

Այսպիսով՝ Սեուլը ֆինանսավորումը ավելացնում է մինչեւ 1,18 տրիլիոն վոն (1,03 միլիարդ դոլար) եւ կարգավորում է երկարատեւ վեճը, որը Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին վնասել է Սեուլի եւ Վաշինգտոնի կապերին:

Թրամփը դաշնակից Հարավային Կորեային մեղադրել էր ԱՄՆ ռազմական ուժը «շահագործելու» մեջ եւ պահանջել էր, որ նա տարեկան մինչեւ 5 միլիարդ դոլար վճարի:

«Համաձայնագիրը լուծեց ամենաերկար վակուումը, որը շարունակվում է ավելի քան մեկ տարի»,- ասել է Հարավային Կորեայի գլխավոր բանակցող Յունգ Յուն Բոն: «Սա հնարավորություն է ընձեռել վերահաստատել դաշինքի կարեւորությունը եւ Կորեայում ամերիկյան զորքերի կայուն տեղակայման անհրաժեշտությունը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը համաձայնագիրը որակել է որպես նոր նախագահ Ջո Բայդենի «մեր դաշինքները ամրապնդելու» կոչին համահունչ:

Հարավային Կորեան ԱՄՆ զորքերի տեղակայման ծախսերը սկսել է վճարել 1990-ականների սկզբին՝ պատերազմական վիճակում գտնվող տնտեսությունը վերականգնելուց հետո: