Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Դոհայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Լիբիայում ու Սիրիայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի, Լիբիայի եւ Սիրիայի վերջին իրադարձությունները»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարն ասել է, որ Անկարան նպատակ ունի զբոսաշրջության ոլորտում հասնել նախահամավարակային ցուցանիշների:

Չավուշօղլուն հիշեցրել է նաեւ, որ չորեքշաբթի օրը թուրքական Մերսին նահանգում տեղի է ունեցել «Ակույու» ատոմակայանի թիվ 3 էներգաբլոկի կառուցման մեկնարկի արարողությունը: «Թող այն արժանիորեն ծառայի մեր ազգին»,- հավելել է նա: