Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ նրանց արաբական դաշնակիցները պետք է պատժամիջոցներ սահմանեն Թուրքիայի դեմ, մինչեւ նա դադարեցնի Կիպրոսի օկուպացիան, National Interest-ի իր հոդվածում գրում է Մայքլ Ռուբինը:
Թուրքիայի դեմ լուրջ պատժամիջոցների ժամանակն է: Փոխանակ պատժամիջոցներն աստիճանաբար խստացնելու, որպեսզի Անկարան կարողանա դրանք կարգավորել եւ շրջանցել, նպատակը պետք է լինի ճնշում գործադրել Թուրքիայի եւ նրա արդեն քայքայվող տնտեսության վրա:
Ռուբինի խոսքով՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւեր չեն կարողացել վերջ դնել Կիպրոսի բռնազավթմանը, որը կեսդարյա պատմություն ունի: «Կիպրոսյան փակուղուց դուրս գալու համար այժմ այլ մոտեցում է պահանջվում»,- ասել է նա:
ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն պետք է փակեն Կիպրոսի հյուսիսում գործող թուրքական բանկերը, արգելեն Turkish Airlines-ի եւ այլ ավիափոխադրողների թռիչքները, որոնք Եվրոպայից թռչում են կղզու հյուսիս, եւ պատժամիջոցներ կիրառեն օկուպացված տարածքում բիզնես իրականացնող ցանկացած թուրքական կամ միջազգային ընկերությունների նկատմամբ:
Հյուսիսային Կիպրոսի պաշտոնյաները, ինչպես նաեւ ընկերությունները, որոնք ներդրումներ են կատարել գրավյալ նահանգներում, ինչպիսիք են լքված Վարոշա քաղաքը, պետք է պատժամիջոցների ենթարկվեն, իսկ երկրները պետք է փակեն իրենց գրասենյակները հյուսիսում:
Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է քննարկի Թուրքիային կամ Թուրքիայից զենք վաճառելու ուղղակի էմբարգոյի հնարավորությունը:
Քանի որ Թուրքիան նոր պահանջներ է ներկայացնում Սիրիային, Իրաքին, Հայաստանին եւ Հունաստանին, ապա Թուրքիայի առանց հետեւանքների գործելու թույլտվության գինը բարձր է: Ժամանակն է, որ Էրդողանը որոշի՝ պահել օկուպացիան, թե տնտեսական ավերածությունների մեջ գտնվող երկիր ղեկավարել:




























