Արցախի խորհրդարանի «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Արցախի ժողովրդավարություն» կուսակցությունները դիմել են Արցախի Սահմանադրական դատարան, պահանջելով չեղարկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի ընտրությունը։

Պատգամավորները պնդում են, որ Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության գործընթացը հակասահմանադրական է։

NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանն ասաց, որ դիմել են փետրվարի 23-ին,  մարտի 10-ին պատասխան գրություն են ստացել, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել։ Այդ հարցով նիստը կկայանա ապրիլի 3-ին։

«Չկա ոչ մի հիմնավորում, թե ինքը ո՞ր կետով է համապատասխանում այդ պաշտոնին։ Չկա նաեւ հիմնավորող փաստաթուղթ, որ ինքն ընդհանրապես համապատասխանում է այդ պաշտոնին։ Կան բավականին պակաս փաստաթղթեր։ Ազգային ժողովը որոշում է կայացրել միայն կանոնակարգ օրենքի պահանջների համաձայն։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում հստակ գրված է օրենքով սահմանված այլ փաստաթղթեր եւս ներկայացնելու մասին։ Կանոնակարգ օրենքը նաեւ պահանջում է Հաշվեքննիչ պալատի անդամների մասին օրենքով սահմանված պայմաններ, թե ով կարող է լինել, ով՝ ոչ։ Նրանք միայն բերել էին այն փաստաթղթերը, թե ով կարող է լինել, եւ այն էլ ոչ համապատասխան»,- ասաց պատգամավորը։

Դավիթ Գալստյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանի կառավարման ընթացքում  սա առաջին դեպքը չէ.

«Սա առաջին դեպքը չէ, որ ոչ զինապարտներն ու բանակում չծառայածները բարձր պաշտոն են ստանում։ Արայիկ Հարությունյանն իր շուրջը հավաքում է նման մարդկանց, որ ինքը, ինչպես ինքն էր ասում՝ բանակում հետախուզության պետ է եղել, որ այդ շրջանակում ինքն իրեն լավ զգա»։

Պատգամավորն ասաց, որ Վահրամ Բաղդասարյանն  Արայիկ Հարությունյանի մտերիմն է.

«Բաղդասարյանն օբյեկտիվություն չի կարող ցուցաբերել, քանի որ 2020 թվականի մայիսից Ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում. այսինքն՝ ինքը օբյեկտիվ հաշվեքննություն անի իր օրոք կատարված ծախսերի մասով»։