Շրի Լանկայում կարգելեն փարաջա կրել եւ ավելի քան 1000 իսլամական դպրոց կփակեն, շաբաթ օրը հայտարարել է հասարակական անվտանգության նախարար Սարատ Վիրասեկերան, հաղորդում է Reuters-ը:

Մամուլի ասուլիսում Վիրասեկերան հայտնել է, որ ինքը կառավարության հաստատման համար ուրբաթ օրը ստորագրել է մի փաստաթուղթ, որով արգելվում է դեմքը փակող ծածկոց կրելը՝ «ազգային անվտանգության» նկատառումներից ելնելով:

«Մեր առաջին օրերին մահմեդական կանայք եւ աղջիկները երբեք փարաջա չեն կրել: Սա վերջերս ի հայտ եկած կրոնական ծայրահեղականության նշան է: Մենք պատրաստվում ենք անպայման արգելել դա»,- ասել է նախարարը:

Փարաջա կրելը ժամանակավորապես արգելվել էր երկրում 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ իսլամական գրոհայինները պայթեցրել էին եկեղեցիներ ու հյուրանոցներ՝ սպանելով ավելի քան 250 մարդու: