Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան ցանկանում է մարտական անօդաչու թռչող սարքեր գնել Թուրքիայից, հաղորդում է Reuters-ը:
2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո Անկարայի ու Էր Ռիադի հարաբերությունները սրվել են: Առեւտուրը փլուզվել է Սաուդյան Արաբիայի ոչ ֆորմալ բոյկոտի պատճառով, բայց երկու երկրներն էլ հայտարարել են, որ կաշխատեն հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում՝ Էրդողանը քննադատել է Սաուդյան Արաբիայի ու Հունաստանի վերջին համատեղ զորավարժությունները: «Բայց, մյուս կողմից, այժմ կա Թուրքիայից մարտական ԱԹՍ-ներ գնելու Սաուդյան Արաբիայի հայտը»,- ասել է նա՝ մանրամասներ չներկայացնելով:
Սաուդյան Արաբիայի հետ լարվածությունը թուլացնելու Թուրքիայի հույսերը տարածաշրջանային ավելի լայն ջանքերի մի մասն են: Անկարան բազմիցս հայտարարել է, որ նաեւ Եգիպտոսի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարներ է տեսնում, որոնք ի հայտ են եկել այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց «Մուսուլման եղբայրներ» շարժման նախագահին:




























