Ռուսաստանը եւ Իրանը փորձել են միջամտել 2020թ. նախագահական ընտրություններին, ասվում է ամերիկյան հետախուզության զեկույցում, հաղորդում է CNBC-ը:
Ըստ զեկույցի՝ ԱՄՆ հետախուզական համայնքը նաեւ որոշել է, որ Չինաստանը չի փորձել փոխել 2020թ. ընտրությունների արդյունքը, եւ որեւէ նշան չկա, որ օտարերկրյա խաղացողները փորձել են փոխել քվեաթերթիկները կամ ազդել ձայների հաշվարկի վրա:
Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «թույլատրել է ազդեցության գործողություններ՝ ուղղված Ջո Բայդենի եւ Դեմոկրատական կուսակցության թեկնածությունը նսեմացնելուն, նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սատարելուն, ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահության խարխլմանը եւ ԱՄՆ-ում սոցիալ-քաղաքական տարաձայնությունների սրմանը»:
«Մոսկվայի հիմնական ռազմավարություններից մեկը եղել է ռուսական հետախուզության հետ կապված վստահված անձանց օգտագործումը՝ ամերիկյան որոշ լրատվամիջոցների եւ անհատների, այդ թվում՝ նախկին նախագահ Թրամփի ու նրա վարչակազմի մերձավոր մարդկանց շրջանում ապակողմնորոշիչ հայտարարություններ ու պատմություններ տարածելու համար»:
Զեկույցի համաձայն, այդ պլաններն իրականացվել են «ռուսական պետական կազմակերպությունների կողքին»:
Միաժամանակ, Իրանը «ազդեցության բազմակողմանի թաքնված արշավ է անցկացրել՝ ուղղված նախկին նախագահ Թրամփի վերընտրման հեռանկարների խարխլմանը, թեկուզ առանց ուղղակիորեն խթանելու նրա մրցակիցներին, խաթարելու հասարակության վստահությունը ընտրական գործընթացների եւ ԱՄՆ ինստիտուտների նկատմամբ, ինչպես նաեւ ԱՄՆ-ում պառակտում սերմանելու եւ հասարակական լարվածությունը սրելու»:
Հետախուզության փորձագետները պարզել են նաեւ, որ Չինաստանը, որը, ինչպես նախկինում համարվում էր, ընդլայնում է իր ազդեցությունն ԱՄՆ-ում, ի վերջո ընտրությունների արդյունքների վրա ազդելու գործողություններ չի իրականացրել:
Պեկինը «գնահատել է, որ ազդեցության իր ավանդական գործիքները, առաջին հերթին՝ նպատակային տնտեսական միջոցառումներն ու լոբբիստական գործունեությունը, բավարար կլինեն Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը ձեւավորելու իր նպատակի համար՝ անկախ հաղթողից»:
Հետաքննությունը պարզել է, որ Իրանից եւ Ռուսաստանից բացի, Կուբան, Վենեսուելան եւ լիբանանյան «Հըզբոլլահը» նույնպես ազդեցություն են ունեցել ընտրությունների վրա, թեկուզ ավելի փոքր չափով:




























