Քեմբրիջի համալսարանի ղեկավարությամբ միջազգային թիմը ուսումնասիրել է եվրոպական կաղնիները եւ եկել այն եզրակացության, որ Եվրոպայում ընթացիկ ամառային երաշտները շատ ավելի լուրջ են, քան նրանք, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում վերջին 2110 տարիների ընթացքում, հաղորդում է Popmech-ը:
Եվրոպայում վերջին ամառային երաշտներն ու սաստիկ շոգը կործանարար ազդեցություն են ունեցել շրջակա միջավայրի եւ տնտեսության վրա: Մասնագետներն ասում են, որ գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ իրավիճակը միայն կվատանա: Հասկանալու համար, թե ինչպես է մեզ շրջապատող աշխարհը արձագանքելու կլիմայի որոշակի փոփոխություններին, գիտնականները պետք է իմանան, թե ինչպես է բնությունն իրեն պահել անցյալում:
Անցյալի կլիման վերականգնելու փորձերի մեծ մասը կենտրոնացած է եղել ջերմաստիճանի վրա: Այնուամենայնիվ, ծառերի օղակների կայուն իզոտոպները կարող են գիտնականներին հիդրոկլիմատիկ փոփոխությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, որոնք մեզ կպատմեն երաշտի ժամանակաշրջանների մասին:
Նոր աշխատանքի շրջանակներում գիտնականները համեմատել են ածխածնի եւ թթվածնի ավելի քան 27 000 իզոտոպ՝ 2110 տարի ընդգրկող 147 կենդանի եւ մեռած եվրոպական կաղնիների մեջ: Նմուշները վերցվել են ժամանակակից Չեխիայի եւ Բավարիայի տարածքում հնագիտական մնացորդներից, ոչ ամբողջությամբ քարացած նյութերից, պատմական կառույցներից եւ կենդանի ծառերից:





























