Թայվանցի պաշտոնյան տեղացիներին կոչ է արել դադարել անունները փոխել «սաղմոն»-ի այն բանից հետո, երբ տասնյակ մարդիկ դա արել են ռեստորանի գովազդներից օգտվելու համար, գրում է Guardian-ը:

Տեղական ԶԼՄ-ների կողմից «սաղմոնային քաոս» հորջորջված երեւույթի հետեւանքով վերջին օրերին շուրջ 150 մարդ այցելել է պետական գրասենյակներ՝ պաշտոնապես իրենց անունները փոխելու համար: Այս հանկարծակի ոգեւորության պատճառ է հանդիսացել սուշիի ռեստորանների ցանցը:

Երկօրյա ակցիայի շրջանակներում յուրաքանչյուր հաճախորդ, որի նույնականացման քարտում եղել են «gui yu» չինական հիերոգլիֆները, որոնք սաղմոն են նշանակում, կկարողանա անվճար սուշի ստանալ՝ հինգ ընկերների հետ միասին:

Թայվանում թույլատրվում է անունը մինչեւ երեք անգամ պաշտոնապես փոխել:

Բայց Թայվանի պաշտոնյաներին դա դուր չի եկել: «Անվան նման փոփոխությունը ոչ միայն ժամանակ է վատնում, այլ նաեւ անհարկի փաստաթղթաշրջանառություն է առաջացնում»,- լրագրողներին ասել է ՆԳ փոխնախարար Չեն Ցզուն Յանը՝ կոչ անելով հասարակությանը «խնամքով վերաբերվել վարչական ռեսուրսներին»:

United Daily News-ը հաղորդել է, որ մի բնակիչ որոշել է իր անվանը ռեկորդային 36 նոր խորհրդանիշ ավելացնել, որոնց մեծ մասը վերաբերել է ծովամթերքներին, դրանց թվում են «ծովախեցին», «ծովախեցգետինը» եւ «օմարը»։