Հայաստանում հաճախակիացել են մարդկանց վրա անօթեւան շների հարձակումների դեպքերը: Այս մասին մարտի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ վերջին մի քանի օրում Գյումրիում կրկին գրանցվել են այդպիսի մի քանի դեպքեր: Համանման դեպք է գրանցվել քաղաքի ծայրամասում գտնվող «Մուշ» նորակառույցների թաղամասում: Տագնապահարույց ազդանշաններ են ստացվել նաեւ Գյումրիից ոչ հեռու գտնվող Ազատան գյուղից եւ Շիրակի մարզի մի շարք այլ գյուղերից:

«Ես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի կոչ չեմ անում, բայց անհրաժեշտ է ապահովել մարդկանց անվտանգությունը: Առավել եւս, որ նման հարձակումները կատարվում են առավոտյան եւ երեկոյան ժամերին, եւ դրանց զոհերը կարող են լինել երեխաներն ու տարեցները»,- հավելեց պատգամավորը: