Ֆրանսիան հուսով է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների արշավի շնորհիվ երկիրը մինչեւ ամառ կամ աշուն կվերադառնա «բնականոն» կյանքի պայմաններին: Այս մասին BFM հեռուստատեսությանը հայտարարել է պատվաստումների հարցով պատասխանատու Ալեն Ֆիշերը:

Նրա խոսքով՝ բանակը կներգրավվի պատվաստումների արշավն արագացնելու ծրագրում, եւ Ֆրանսիան, չնայած AstraZeneca պատվաստանյութի հետ կապված անհաջողություններին, դեռ կարող է հավատարիմ մնալ պատվաստումների իր նպատակներին:

«Ժամանակ կպահանջվի՝ կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասել է նա:

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կիրակի հայտարարել էր, որ 6191 666 մարդ ստացել է իրենց առաջին COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դա կազմում էր ընդհանուր բնակչության 9.2 տոկոսը եւ մեծահասակ բնակչության 11.8 տոկոսը:

Ֆիշերը նաեւ ասել է, որ Ֆրանսիայի հարավում գտնվող Մարսել քաղաքում կայացած կիրակնօրյա չարտոնված դիմակահանդեսը «բացարձակ անպատասխանատու» էր, քանի որ դա կարող է մեծացնել COVID-ով վարակման դեպքերը եւ հիվանդների թիվը հիվանդանոցներում: Սակայն դա «արտացոլում է որոշակի դժգոհությունը բնակչության շրջանում»,- հավելել է նա: