Իրավիճակը համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանին պարտավորեցնում է հաշվի առնել Արեւմուտքի բոլոր հնարավոր սպառնալիքները, այդ թվում՝ երկրի անջատումը SWIFT միջբանկային վճարների փոխանցման միջազգային համակարգից: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք որեւէ պոտենցիալ սպառնալիք չենք կարող բացառել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:- Դուք տեսնում եք, որ մեր հակառակորդների, հատկապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցային նկրտումները շարունակվում են»: «Այդ գործողություններն անհիմն են եւ անկանխատեսելի: Այս պարագայում նման իրավիճակը մեզ պարտավորեցնում է զգոն լինել»,- ընդգծել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ով հայտարարեց, որ անհրաժեշտ է հեռվանալ Արեւմուտքի կողմից վերահսկվող միջազգային վճարային համակարգերի օգտագործումից:

Չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Լավրովը նշել էր պատժամիջոցների ռիսկերի նվազեցման կարեւորությունը՝ ՌԴ տեխնոլոգիական անկախության ամրապնդման եւ դոլարին այլընտրանք հանդիսացող ազգային արժույթներով եւ համաշխարհային արժույթներով հաշվարկներին անցման միջոցով: Նա «անկախությունն ամրապնդելու» անհրաժեշտությունը բացատրել էր ԱՄՆ-ի կողմից ինչպես ՌԴ-ի, այնպես էլ ՉԺՀ-ի համար տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների սահմանափակման փորձերով: