Հայաստանը աշխատում է ռուսական կողմի հետ` Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի շահագործումը շարունակելու համար, որն այժմ սահմանակից է Ադրբեջանին փոխանցված Քարվաճառի տարածաշրջանին:
Այս մասին մարտի 23-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին: Թովմասյանի խոսքով՝ Սոթք-Քարվաճառ մայրուղին անցնում է Սոթքի հանքավայրի հարեւանությամբ` միացնելով Հայաստանը Ղարաբաղի հետ, որը 2020-ի նոյեմբերի 25-ից փակ էր` Քարվաճառի (Քելբաջար) շրջանը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու պատճառով: Ռազմական գործողությունների ավարտից հետո հանքավայրի տարածքը վիճելի է դարձել կողմերի միջեւ:
Ադրբեջանցի զինծառայողները գրավել են տարածքի մի մասը, իսկ հանքը շահագործող ընկերության աշխատակիցներին համառորեն թույլ չեն տվել աշխատել: «Առաջին իսկ օրվանից մենք աշխատում ենք ընկերության հետ` ռուսական կողմի հետ, հաշվի առնելով նաեւ սոցիալական բաղադրիչը: Այս պահին արվում է հնարավոր ամեն ինչ: Մենք շարունակում ենք ինտենսիվ աշխատանքը, շաբաթական քննարկումները, որպեսզի հանքի շահագործումը չկանգնեցնենք ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ հեռանկարում եւ Հայաստանի օրենսդրությանը համապատասխան»,- ասաց Շուշանյանը:
Նրա խոսքով՝ եթե արտադրական գործընթացն ապահովվի, ապա 900 աշխատակցից կաշխատի հիմնական կազմը: Միեւնույն ժամանակ, հնարավոր է, 250 մարդ աշխատանքի հետ կապված խնդիրներ ունենա, սակայն, ըստ փոխնախարարի հավաստիացման, նրանք դեռ աշխատանքից չեն ազատվել:





























