Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Արմավիրի մարզի Արագած գյուղում մասնակցել է մոտ 300 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը:
«Մի քանի ժամ առաջ է Փաշինյանը եկել մեր գյուղ, գնաց հուշարձան, գյուղից զոհված ունենք, նրա գերեզմանին, հետո մշակույթի տան մոտ ելույթ ունեցավ: Մոտ 300 քաղաքացի է մասնակցել, մի քիչ ավել կամ պակաս կարող է լինի: Ուղղակի, որ գիշերը ցուրտ էր եղել, մարդիկ դաշտ էին գնացել, հետ գալուց կանգնում, նայում էին, իրենց հետաքրքրիր էր, տենց ավելացավ էլի: Մարդ կար մնում էր, մարդ կար գնում էր»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով` Փաշինյանին ուղեկցում էին մի քանի պատգամավորներ, նաեւ նրա անվտանգության աշխատակիցները եւ ոստիկաններ:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Փաշինյանը նախատեսել է այց Արմավիրի մարզի մի շարք բնակավայրեր, սակայն այցը խիստ գաղտնի է պահվում:
Նշենք, որ Արագած համայնքն ունի 2776 բնակիչ:





























