ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր համար կարեւոր էր հնարավորություն ունենալ ուղիղ ասել իր գերմանացի գործընկերոջը, որ նրանք դիտարկում են «Հյուսիսային հոսք-2»-ը՝ որպես «վատ գործարք»:
«Դա տալիս է ավելի շատ զենք Ռուսաստանին, որն օգտագործում է էներգիան՝ որպես ստիպելու գործիք»,-ասել է նա:
«Մենք պարզապես ցանկացել ենք համոզվել, որ մեր դիրքորոշումը երկիմաստ չէ, որ մեր ընկերներն ու գործընկերները հասկանում են մեզ: Եւ շատ ափսոս, որ գազատարն ինչ-որ կերպ տարանջատման աղբյուր է, սակայն, չնայած այդ տարբերությանը, դա չի նվազեցնում փաստը, որ ցանկացած մյուս ոլորտում մենք աշխատում ենք ավելի սերտորեն, քան երբեւէ»,-ասել է նա:
Ծրագիրը ենթադրում է տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր ծավալով գազատարի երկու ճյուղերի կառուցում` Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովի միջով մինչեւ Գերմանիա: Այն նաեւ անցնելու է Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Դանիայի տարածքային կամ բացառիկ տնտեսական գոտիներով:
ԱՄՆ-ն իր հեղուկ գազը մղում է դեպի Եվրոպա եւ փորձում է թույլ չտալ ռուսական գազատարի շինարարության ավարտը: 2019-ի դեկտեմբերին Վաշինգտոնը պատժամիջոցներ էր կիրառել նախագծում ներգրավված ընկերությունների նկատմամբ, ինչի արդյունքում շվեյցարական Allseas-ն անմիջապես դադարեցրել էր գործունեությունը: Տեղադրումը վերսկսվել էր մեկ տարի անց՝ 2020-ի դեկտեմբերին Nord Stream 2 AG-ի օպերատորն, օգտագործելով Fortuna նավը, գերմանական ջրերում 2,6 կիլոմետր խողովակներ էր տեղադրել:
Այժմ շինարարությունը հասել է վերջին փուլին: Կապալառուի խոսքով՝ գազատարի 2460 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկու ճյուղերից՝ 120-ը Դանիայի ջրերում, 28-ը՝ Գերմանիայի, գրեթե 148 կիլոմետր հատվածում խողովակներ չեն տեղադրվել:
Դանիայում աշխատանքներն արդեն սկսվել են, ներգրավված է «Ֆորտունան»: Մարտի վերջին դրան կմիանա «Ակադեմիկոս Չերսկի» խողովակ տեղադրողը:





























